Նոր Աղմկահարույց մանրամասներ. Ու՞ր են տանում Ստամբուլում «օրենքով գողի» սպանության արմատները.

Օրերս Ստամբուլում 36-ամյա Դատո Պանկիսկիի (Դավիթ Ալխանաշվիլի) սպանությունը քրեագետները համարում են վրեժ Շաքրո Մոլոդոյի զարմիկ՝ «օրենքով գող» Դատո Կրասնոդարսկիի (Դավիթ Օզմանով) խոշտանգման համար, որը տեղի է ունեցել 2011 թվականին։ Պանկիսկին պատկանել է Տարիել Օնիանիի կլանին, որը թշնամի է Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանի հետ։ 2011 թվականին հենց Օնիանիի կլանի անդամներն էին մահափորձ կատարել Քալաշովի զարմիկի նկատմամբ։

 

Ամիսներ առաջ Թուրքիայում կրակել էին քութայիսցի «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի (Ալֆասոն) վրա, ում Շաքրոն նույնպես մասնակից է համարում իր զարմիկի վրա կատարված հարձակմանը։

Ռուսական իրավապահ մարմիններում կարծում են, որ Թուրքիայում վրացի «օրենքով գողերի» նկատմամբ վերջին մահափորձերի հետևում կանգնած է Շաքրոն, ով այժմ գտնվում է մայրաքաղաքային «Լեֆորտովո» մեկուսարանում՝ հանցավոր միություն ձևավորելու, շորթման և կաշառք տալու համար։

«Մեկուսացումը չի խանգարում Շաքրո Մոլոդոյին ուղարկելու սպանության պատվերներ»,-Life-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ աղբյուրը։

 

2016 թվականի հուլիսի 12-ին Զախարի Քալաշովը ձերբակալվել էր շորթման գործով, իսկ արդեն հուլիսի 19-ին նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՔԿ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովին և այլ պաշտոնյաների կաշառք տալու վերաբերյալ։

Ինչպես նշում են Life պորտալի փորձագետները՝ Տարիել Օնիանին հանդիսանում է 2013 թվականին «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը։ Նա սպանվել է հունվարին՝ Մոսկվայի «Ստառիյ Ֆայտոն» ռեստորանի մոտ։

Համարվում է, որ կոնֆլիկտը Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյան միջև առաջացել էր անցած դարի 90-ականների կեսերին՝ Ռուսաստանում, ԽՍՀՄ մի շարք նախկին երկրներում և Արևմտյան Եվրոպայում ազդեցության գոտիների բաժանման ժամանակ։

Հասանն ու Օնիանին սկզբում վիճելի հարցերը լուծել են հավաքների միջոցով, այնուհետև կոնֆլիկտն անցել է պատվիրված սպանությունների փուլ։ Կոնֆլիկտի կատալիզատորներից մեկն է դարձել Դեդ Հասանի կողմնակցի՝ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ)

դեմ 2009 թվականի հուլիսին կատարված մահափորձը։ Անհայտ անձը կրակել էր քրեական հեղինակության վրա Մոսկվայի «Տայսկիյ սլոն» ռեստորանից դուրս գալիս։ Դիպուկահարի փամփուշտը դիպչել էր Յապոնչիկի որովայնին։

Իվանկովին տեղափոխել էին մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկը, որտեղ նրան ենթարկել էին վիրահատության։ Սակայն Վյաչեսլավ Իվանկովը վնասվածքներից չի կարողացել ապաքինվել և մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 9-ին։

ՌԴ ՆԳՆ-ում կարծում են, որ Յապոնչիկի վրա մահափորձը կազմակերպել էր Տարիել Օնիանին։ 2009 թվականին Ասլան Ուսոյանը կարողացել էր դրանում համոզել նաև գողական աշխարհին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Նոր Աղմկահարույց մանրամասներ. Ու՞ր են տանում Ստամբուլում «օրենքով գողի» սպանության արմատները.Նոր Աղմկահարույց մանրամասներ. Ու՞ր են տանում Ստամբուլում «օրենքով գողի» սպանության արմատները.


Նյութի աղբյուր՝ www.1in.am