«Սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով...».Հ.Ժ.Պ.Կ նախագահ

Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն նախագահ Արսեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

 

Սիրելի՛ մայրեր,

Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը:

Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:

Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:

Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:

Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո: Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի։ Այս տարվա տոնական շնորհավորանքների մեջ միգուցե արտաքին փայլն ու ձևը մի փոքր ավելի զուսպ են։ Սակայն հավատացեք, որ մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չեն փոխվում՝ երբ հայրը հուզվում է փոքրիկ դստեր ճռվողյունից, երբ երիտասարդի սիրտը թրթռում է սիրելիի ժպիտից, երբ, անկախ տարիքից, կարոտում ենք մեր մորն ու կնոջը, և մեր թոռան մեջ տեսնում նրանց շարունակությունը:

Որովհետև, սիրելի կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով:

Պահպանեք ձեզ, եղեք առողջ, եղեք երջանիկ, ապրեցեք երկար սիրելի Մայրեր։

Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն

նախագահ Arsen Sargsyan

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.