Իսպանիայում բնակվող մեր հայրենակից Արթուր Ղուկասյանը տեղեկացնում է .
«2020 թ. ապրիլի 4
Թուրքիան բռնագրավել է շնչառական սարքերով բեռնված ինքնաթիռը, որ պետք է վայրեջք կատարեր Իսպանիայում: Պատճառները մեկնաբանելով, Անկարան լկտիորեն հայտարարում է Մադրիդին, թե մտադիր չէ արտոնել բժշկական պարագաների հոսքը դեպի դուրս այն դեպքում, երբ դրանք կարող են օգտագործվել սեփական երկրի հիվանդներին օգնելու համար: Իսկ նրա մասին, որ դա իր ապրանքը չէ բնավ, այլ ձեռք է բերվել մեկ ուրիշի կողմից՝ ոչ մի խոսք:
Դե ինչ, կորոնավիրուսային մեր այս ժամանակներում հերթական անգամ Թուրքիան ցուցադրեց աշխարհին իր իսկական դեմքը՝ որ այն ընդհամենը մի ավազակապետություն է: Հանգամանքը, որ շուրջ 125 հազար իսպանացիներ վարակված են այսօր եւ համարյա 12 հազար է արդեն զոհերի թիվը՝ թուրքերին, բնականաբար, չի հուզում:
Մադրիդը խուսափում է, կարծես թե բախումներից եւ իրավունքով իրեն պատկանող բեռի ստացման հարցը փորձում է արտաքին գործոց եւ առողջապահության նախարարությունների մակարդակով ակտիվորեն վարվող բանակցությունների ճանապարհով լուծել: Բայց նույն համբերությունը չունեն Կաստիլիա Լա-Մանչայի եւ Նավառայի ինքնավարությունների նախագահները, որոնք եւ գնել էին թվով 150 սարքավորումները:
Առաջինի ղեկավարը ուղղակի գողություն է անվանում կատարվածը՝ ինչպես եւ է՜, պահանջելով դիվանագիտական բողոք ներկայացնել Անկարային, որպեսզի այն հնարավորինս չափ արագ վերադարձնի անօրեն կերպով յուրացրածը: Իսկ Նավառայի ղեկավար Մարիա Չիվիտեն ավելի համառձակ գտնվեց. չսպասելով, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է գործելու Սանչեսի կառավարությունը, նա անձամբ է դիմել Թուրքիայի դեսպանին, անհամաձայնությունն ու անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Վերջինից ավելի առաջ գնաց ազգայնական-պահպանողական Vox կուսակցությունը. նորությանը տեղեկանալուց հետո պահանջելով անմիջապես արտաքսել երկրից Անկարայի դեսպանին: Կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն այդ հարցի շուրջ: Կապրենք՝ կտեսնենք…
Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց այսօրվա մամլո ասուլիսի ընթացքում, որ կառավարությունը մտադիր է մինչեւ ապրիլի 26-ը երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը Իսպանիայում: Սենատի ժողովն այդ հարցով կկայանա եկող հինգշաբթի օրը: Ի դեպ, վերջին շրջանում մշտական դարձած մամլո ասուլիսների կապակցությամբ բողոքներ են կուտակվում հենց տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից:
Այդպես, Մադրիդի ամենահեղինակավորներից՝ ՛՛Էլ Մունդո՛՛ -ի խմբագրությունը հայտնեց, որ այսուհետ չի մասնակցելու իր հարցերով այդ ֆարս համաժողովներին, որոնց ընթաքում մամլո քարտուղարը քաղաքական հանձնակատարի է վերածվում, վերահսկելով հարցերը, իր ուզածի պես ֆիլտրելով դրանք եւ այլն:
Իսկ առօրյայում… Նորից՝ բալկոնային կյանք: Մեկ հարեւանը ինչ-որ բան է ասում մյուսին, այլ պատշգամբներից լսում են ուշադիր՝ հանկարծ մի բառ բաց չթողեն. ի՞նչ ասեց, ո՞ւմ համար ասեց, ինչի՞ առնչությամբ ասեց…»։