«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հարց ուղղելով, թե Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին ժողովրդավարությանը կո՞ղմ է, թե՞ դեմ:
«Աստվածաբանությունից հեռու մարդ եմ, բայց վերջին շրջանում շատ են հանդիպում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին դեմ խոսող բարձրաստիճան եկեղեցականներ:
Մեկն ասում է, որ ժողովրդավարություն պետք չէ, մյուսը ռազմական հեղաշրջման կոչեր է անում, երրորդը մարդու իրավունքները համարում է վատ-վատ բաների ծխածածկույթ, չորրորդը արդարացնում է ընտրողներին պարտադրելը, հինգերորդը Կադիրովի նման ղեկավար է ուզում և այլն:
Անգամ ավելին՝ ոչ մի անվանի եկեղեցական չի ասում, որ այդ ամենի հետ համաձայն չէ: Օրումեջ մամուլի հետ շփվող Մայր աթոռն էլ չի հերքում այս բոլորի ասածները:
Ըստ այդմ՝ հարց, որ պետք է տրվի Մայր Աթոռին. արդյոք Եկեղեցին համարո՞ւմ է, որ Հայաստանում իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, թե՞ կնախընտրեին, որ այն լիներ մի նեղ խմբի ձեռքում»,- գրել է Իոաննիսյանը: