ՀԺՊԿ եւ ՀԵՎԿ համատեղ հայտարարությունը Նախիջեւանի վերաբերյալ, կազմակերպելու ենք հանրային լսումներ.
2026 թ. փետրվարի 2-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը փոփոխություններ ընդունեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ՝ հեռացնելով այնտեղից 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին ուղղակի հղումները և հռչակելով Նախիջևանը Ադրբեջանի «անբաժանելի մաս»։
Տվյալ գործողությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առաջացնում է լուրջ և համակարգային խնդիր, որի մասին պարտավոր են խոսել ՀՀ իշխանությունները, սակայն նրանց լռության պայմաններում մենք, որպես ժողովրդավարական ընդդիմություն, մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել հետևյալը․
I. Միջազգային պայմանագրերի խախտում
Նախիջևանի ինքնավար կարգավիճակը ձևավորվել է ոչ թե Ադրբեջանի ներքին իրավունքի շրջանակում, այլ՝ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝
• 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով,
• 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով։
Այս պայմանագրերը շարունակում են ունենալ լիարժեք միջազգային իրավական ուժ և չեն կարող միակողմանիորեն վերանայվել կամ «ջնջվել» որևէ ներպետական իրավական ակտով։
II. Վիենայի կոնվենցիայի բացահայտ խախտում
1969 թ. Վիենայի կոնվենցիան՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին, հստակ սահմանում է․
• Հոդված 26 (Pacta sunt servanda) – միջազգային պայմանագրերը պարտադիր են և պետք է կատարվեն բարեխղճորեն,
• Հոդված 27 – պետությունը չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքը որպես պայմանագրի չկատարման պատճառ,
• Հոդված 53 (Jus Cogens) – պարտադիր նորմերին հակասող գործողությունները իրավաբանորեն առ ոչինչ են։
Նախիջևանի կարգավիճակի միջազգային երաշխիքների միակողմանի չեղարկումը հակասում է ինչպես պայմանագրային կայունության, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման պարտադիր նորմերին։
III. ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների խախտում
Ադրբեջանի գործողությունը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրության՝
• Հոդված 1(2)-ին – ժողովուրդների ինքնորոշման իրավունքին,
• Հոդված 2(2)-ին – միջազգային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու սկզբունքին։
Սա չի կարող դիտարկվել որպես ներքին վարչական կամ տեխնիկական փոփոխություն։
IV. ԵՄ հիմնարար արժեքներին անհամապատասխանություն
Եվրոպական միությունն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է միջազգային իրավունքի հարգումը, պայմանագրային կայունությունը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը։
Նախիջևանի կարգավիճակի միակողմանի վերանայումը՝ առանց միջազգային համաձայնության, հակասում է ԵՄ այդ հիմնարար սկզբունքներին և կարող է դառնալ քաղաքական, դիվանագիտական և իրավական գնահատականի առարկա ԵՄ կառույցներում։
V. Իրավական և քաղաքական հետևանքներ
1. Ներքին սահմանադրական փոփոխությունը չի կարող չեղարկել միջազգային պայմանագրերը,
2. 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շարունակում են գործել,
3. Ադրբեջանը պետք է դիտարկվի որպես միջազգային պարտավորությունները խախտող պետություն,
4. Հարցը ենթակա է քննարկման և արձագանքի՝
• ՄԱԿ-ի հարթակներում,
• ԵՄ ինստիտուտներում,
• միջազգային իրավական այլ ձևաչափերում։
Եզրակացություն
Նախիջևանի ինքնավար կարգավիճակը միջազգային իրավունքի արդյունք է, այլ ոչ՝ որևէ պետության ներքին քաղաքական որոշման։
Որևէ սահմանադրական փոփոխություն չի կարող վերացնել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Միջազգային հանրության լռությունը այս հարցում կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ, որի արդյունքում ցանկացած պետություն կարող է միակողմանիորեն անտեսել կամ վերացնել իրեն անհարմար միջազգային պայմանագրերը։
Նախիջևանի իրավական «յուրացումը» Ադրբեջանի կողմից կոչված է վերջնականապես ոչնչացնելու դեռևս Աստվածաշնչում հիշատակվող այս հնագույն ու պատմական հայկական տարածքում հայկական ներկայության ազգային, մշակութային և կրոնական հետքերը, ինչը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան Նախիջևանում հայերի էթնիկ զտման, ցեղասպանության և հայրենազրկման շարունակական գործընթաց։
Նման երևույթը չի կարող անպատիժ և աննկատ մնալ միջազգային հանրության և միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ավելին, սա ուղիղ նախադեպ է ստեղծում խորհրդային բռնապետության կողմից 1921 թվականին Ադրբեջանին ապօրինի կցված այլ պատմական հայկական տարածքի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) «նախիջևացման» համար, որը տեղի է ունեցել 2020–2023 թվականներին՝ 150 հազար հայերի շրջափակման, ապա նաև բռնի տեղահանման, էթնիկ զտման և հայրենազրկման ցեղասպանական միջոցներով։
Սույն նամակին կից ներկայացվում է Իրավական հավելված (Annex)՝
Վիենայի կոնվենցիայի, ՄԱԿ-ի Կանոնադրության և 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համապատասխան դրույթների ամբողջական մեջբերումներով։
Հարգանքով՝ Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցություն
Նախագահ՝ Արսեն Սարգսյան
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ՝ Տիգրան Խզմալյան