Մայր Աթոռի սրբազանները համառորեն չեն պատասխանում հարցին՝ Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե՞ ոչ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հարցին՝ Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե՞ ոչ:

 

Նա շրջանցել է հարցը՝ ասելով, թե մարդկանց թվում է՝ կան սխալ պատասխաններ, մինչդեռ, ըստ նրա, կան սխալ հարցադրումներ, և այդպիսին նաև այս հարցն է:

Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, նա նշել է. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ՝ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից: 

Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.