Քաղսիի հյուրատներից մեկից առևանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ, Երևան — Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել է մահացածի մարմինը։
Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։
Իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։
Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան հասցրել են արդեն լքել ՀՀ տարածքը։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: