Կորոնավիրուսն ավելի հազվադեպ է հիվանդ մարդուց փոխանցվում առողջ մարդու 40-60 տոկոս հարաբերական խոնավության դեպքում, քան ավելի բարձր կամ ավելի ցածր խոնավության պայմաններում։ Այս տվյալները հրապարակվել են Յեյլի համալսարանի կայքում, գրում է ria.ru֊ն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակված կրծողները հաճախ ավելի ցածր խոնավության պայմաններում են վարակը փոխանցում մյուսներին։ Գիտնականները նշում են, որ չոր օդը մեծապես հեշտացնում է վիրուսի տեղաշարժը սենյակում, ինչպես նաև թուլացնում է շնչուղիների աշխատանքը՝ հեռացնելու վիրուսային մասնիկները: Բացի այդ, իմունային համակարգի` պաթոգեններին արձագանքելու ունակությունը ճնշվում է օդի ավելի չոր պայմաններում:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ չափազանց բարձր խոնավությունը, օրինակ՝ արևադարձային տարածքներում, նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում վիրուսի տարածման համար, քանի որ այն թույլ է տալիս վիրուսի մասնիկների ավելի հաճախակի տեղակայումը մակերեսների վրա:
Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել փակ խոնավացուցիչներ և պահպանել 50 տոկոս խոնավությունը: Միևնույն ժամանակ, գիտնականները հիշեցնում են, որ նման նախազգուշացումը օգնում է նվազեցնել վիրուսը օդով փոխանցելու ռիսկերը, բայց ոչ կաթիլով, և որ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը և ախտահանել մակերեսները: