Նախօրեին Ազգային ժողովում կրքերը թեժ էին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ իր ելույթում անդրադարձել էր Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա էլ ամբիոնից հայտարարել էր, որ դադարեցնի իրեն հիշատակել. «Չափդ մի՛ կոցրու»: Սակայն այսքանով Աժ դահլիճում երկու պատգամավորների լեզվակռիվը չի ավարտվել: Երբ Արտաշես Գեղամյանը լքել է դահլիճը,
կարճ ժամանակ անց դահլիճից դուրս է եկել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկու պատգամավորները միջանցքում հանդիպել են, նրանց միջեւ խոսակցությունը ավարտվել է բռունցքներով: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում տեղեկացրել է, թե պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքով հարվածել է իրեն, իսկ ինքը կարողացել է պաշտպանվել եւ կոշիկները փայլեցնել նրանով։ Իսկ ահա Արտաշես Գեղամյանը հերքել էր
տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում. «Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, չորս տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում։ Եթե ես որեւէ մեկի նկատմամբ բռունցքներով հարձակում գործեի, հավատացնում եմ ձեզ, այդ անձը հիվանդանոցում կհայտնվեր։ Ուրիշ բան, այո՛, ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար»: Տեղեկացնենք, որ կատարվածին ականատես են եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը եւ ԱԺ անվտանգության
աշխատակիցներից մեկը, որոնք փորձել են բաժանել միմյանց հետ վիճող պատգամավորներին։ Սակայն Նապոլեոն Ազիզյանը հայտարարել է.«Ես էնդեղ չեմ եղել, չեմ տեսել։ Ես գնացել եմ էն ժամանակ, երբ ավարտված էր»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ մասին երբ խոսում են դահլիճում,
կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով,
էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»: Հավելենք, որ միջադեպից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զրուցել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ իրենց մոտ են կանչել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Թե
զրույցը ինչ հետեւանք կունենա, կհարթվեն՞ արդյոք երկու օրենսդիրների հարաբերությունները, ժամանակը ցույց կտա: Խնդրի շուրջ հայտարարությամբ էր հանդես եկել «Ելք» խմբակցության պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանը՝ հայտարարելով, թե որոշման նախագիծ են ներկայացնելու՝ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հավելենք, որ միջադեպից ժամեր անց Աժ միջանցքում դեռ հատակին թափված էին մնացել Արտաշես Գեղամյանի թղթերը: Քնար Մանուկյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am