ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե իբր ՌԴ-ն ձգտում է Հայաստանի մուտքը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետություն։
«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այս հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել․
«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որ վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։
Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։
․․․Չնայած հրապարակային հայտարարություններին՝ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։