Մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ
– Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար ի՞նչ սնունդ ընդունել։
– Երիտասարդ, միջին տարիքի մարդը, եթե շաքարային դիաբետ, ճարպակալում և տարբեր խրոնիկ հիվանդություններ չունի, ապա նրա դիմադրողականությունը շատ բարձր է։ Դիմադրողականությունն ընկնում է կողմնակի խրոնիկ հիվանդություններից։ Եթե դրանք չկան, մեր դիմադրողականությունը բարձր է, մեզ մնում է՝ օգնել մեր օրգանիզմին առողջ սնունդով։ Սնունդ, որը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով, այսինքն՝ միրգ, բանջարեղեն, բնական մթերքներ։ Շատ կարևոր է պատրաստման եղանակը, քանի որ ցանկացած լավ մթերք կարելի է դարձնել շատ վնասակար, բացարձակ անօգուտ՝ միայն իր պատրաստման եղանակով։
Հիմնական վնասակար պատրաստման եղանակը տապակելն է, երբեք խորհուրդ չենք տալիս ոչ մի սնունդ տապակել, մնացած պատրաստման եղանակները լավն են, հարմար են, ճաշակի հարց են։ Մնում է, որ մթերքներն ի սկզբանե լինեն թարմ, պիտանի օգտագործման համար, բոլոր սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան։ Պետք է ուտել փոքր չափաբաժիններով, հաճախակի, ամեն տեսակի մթերքներ ներառել սննդակարգի մեջ, չզրկել օրգանիզմը ոչ մի կարևորագույն մթերքից։
– Ի՞նչ հեղուկներ ընդունել։
– Այն հեղուկները, որոնք առհասարակ պետք է խմել, ջուրն է, սուրճը և թեյը։ Ուրիշ ոչ մի հեղուկ խորհուրդ չի տրվում խմել և ներառված չէ առողջ սննդակարգի ցանկում։
– Նույնիսկ հյութե՞րը։
– Հյութերն օգտակար նյութեր չեն համարվում՝ համեմատ այն մթերքի, ինչից դրանք պատրաստված են։ Հյութը պատրաստվում է ինչ-որ մթերքից, այդ մթերքն ամբողջությամբ շատ ավելի առողջարար է, շատ ավելի օգտակար է, քան այն հյութը, որը դրանից պատրաստվում է։ Հյութերը, առհասարակ, պարունակում են մեծ քանակությամբ շաքարներ՝ ֆրուկտոզա, գյուկոզա, սախարոզա, և օգտակար չեն համարվում։
– Իսկ տան պայմաններում պատրաստված հյութե՞րը, օրինակ՝ մրգերը լցնել բլենդերի մեջ և հյութ ստանալ։
– Իսկ ի՞նչ տարբերություն՝ որ պայմաններում է պատրաստված։ Տան պայմաններում մենք կարող ենք ապահովել ընդամենը նրա մաքրությունը։ Առանց բջջանյութի հյութը դառնում է շաքար և նպաստում է շաքարային դիաբետին, քաշի ավելացմանը, հետևաբար՝ օգտակար չի համարվում։
– Երեխաներին կարելի՞ է կոճապղպեղով թեյ տալ և ի՞նչ չափաբաժնով։
– Կախված է երեխայի տարիքից։ Փոքր երեխային ցուցված չէ, նրանք չեն էլ խմի, իրենց դուր չի գա այդ համը։ 10 տարեկան երեխան, եթե առողջ է, եթե առողջ աղեստամոքսային տրակտ ունի, փոքրիկ քանակությամբ, նոսր վիճակով կարելի է տալ, չեմ կարծում, որ որևէ խնդիր առաջանա։ Բայց չեմ կարծում, որ երեխային հաճելի լինի այդ կծու համը, երեխաները սովորաբար չեն սիրում որևէ կծու բան։
– Սոխն ու սխտորն արդյո՞ք արդյունավետ միջոց են՝ պայքարելու վիրուսների դեմ։
– Դրանք բացարձակապես միջոց չեն՝ պայքարելու վիրուսների դեմ։ Դա մեծ խաբկանք է, որ սոխն ու սխտորն ի վիճակի են մեզ պաշտպանել վիրուսներից։ Սոխն ու սխտորը, իրոք, հակաբակտերիալ հատկություններ ունեն, բայց դրանք չեն կարող պաշտպանել վիրուսներից։ Վիրուսներից պաշտպանվելու համար կան հստակ կանոններ՝ պահպանել տարածություն, ապահովել մաքուր օդ, հազալիս, փռշտալիս դեմքը փակել արմունկով կամ անձեռոցիկով և այդ անձեռոցիկը միանգամից նետել աղբամանը, ձեռքերը լվանալ։ Առհասարակ, ձեռքերը հաճախակի լվանալ, դեմքին ձեռք չտալ։ Շատ մաքուր սնունդ ընդունել, այսինքն՝ սանիտարահիգիենիկ կանոնները շատ խիստ պահպանել։ Սա է վիրուսներից պաշտպանվելու միակ պրոֆիլակտիկ եղանակը։ Ոչ մի սոխ և սխտոր չի պաշտպանում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ 168.am