RegionMonitor-ի տեղեկություններով վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրանում իրավիճակն այսպիսին է.
• Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1053-ով՝ կազմելով 14991։
• Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 129 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 853։
• Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 406-ով՝ կազմելով 4996։
• Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (200 դեպք) և Սպահանում (118 դեպք)։ Մնացյալ նահանգներում երկնիշ, իսկ 7 նահանգում միանիշ ցուցանիշ է արձանագրվել:
• Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 35 նոր դեպք։ Երեկ 36 էր։
• Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 19 դեպք, երեկ 84 էր։
• Քաղաքացիների այցերը հիվանդանոցներ նվազեցնելու և առողջ քաղաքացիներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ պահելու նպատակով Իրանում գործարկվել է salamat.gov.ir կայքը։ Քաղաքացիները մուտք են գործում այդ կայք և լրացնում իրենց անձնական տվյալները։ Համակարգ մուտք գործելուց հետո քաղաքացին լրացնում է ներկայացվող հարցաշարը: Պատասխաններից հետո համակարգը ցույց է տալիս՝ արդյոք քաղաքացու մոտ առկա է կորոնավիրուսի ախտանշաններ, թե ոչ։ Եթե համակարգը ցույց է տալիս, որ առկա են ախտանշաններ, ապա համապատասխան շրջանի հիվանդանոցից կապվում են քաղաքացու հետ և համապատասխան ցուցումներ տալիս։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ է հնարավոր մուտք գործել համակարգ և լրացնել տվյալները։
• Իրանի նախագահը թեև հայտարարել է, որ համաճարակի պիկն արդեն անցնում է, քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ տներից և ճամփորդել խիստ անհրաժեշտության դեպքում։ Իրանի միջնահանգային և միջքաղաքային անցակետերում քաղաքացիները ջերմաչափվում են, կասկածելի ախտանշաններով քաղաքացիները հոսպիտալացվում են կամ պահանջում են ինքնամեկուսացվել։
• Իրանի ոստիկանությունն այս օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ սոցիալական ցանցերում կեղծ տեղեկատվություն և տեսանյութեր հրապարակելու համար տարբեր նահանգներում երկու տասնյակից ավել քաղաքացու է ձերբակալել։
• Սոցիալական ցանցերում այս օրերին տարբեր օգտատերեր տեղեկատվություն էին հրապարակում, թե ալկոհոլը իբր նպաստում է վարակների կանխարգելմանը։ Վերջին օրերին ալկոհոլ օգտագործելու հետևանքով Իրանում մահացել է 134, իսկ թունավորվել՝ 1021 քաղաքացի։ Այժմ Իրանի հեռուստաընկերությունները սոցիալական հոլովակներ են տարածում՝ քաղաքացիներին իրազեկելով, որ ձեռնպահ մնան ալկոհոլ օգտագործելուց։
• Բենզալցակայաններում ևս արգելվել է կանխիկ վճարումներ կատարել, դրանք կամ պետք է փոխանցումով, կամ քարտերի միջոցով կատարվեն։
• Իրանի դատական իշխանության ղեկավարը 83 հազար բանտարկյալի ազատ արձակման մասին հայտարարություն է արել։
• Կորոնավիրուսից մահացել է Իրանի փորձագետների խորհրդի (88 անդամ ունեցող այդ կառույցը հոգևոր առաջնորդ է ընտրում) անդամ Սեյյեդ Հաշեմ Բոթհայի Գոլփայեգանին։