Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափ կստանա այսօր՝ մարտի 16-ին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետական պաշտոնյաներից մեկին:

Փորձարկումը տեղի է ունենալու Սիեթլում գտնվող հետազոտական ինստիտուտներից մեկում և ֆինանսավորվում է Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից: Փորձարկում իրականացնող ընկերություններն են NIH-ը և Moderna Inc.-ը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաների հաղորդմամբ՝ որևէ հնարավոր պատվաստանյութը լիովին հաստատելու համար հարկավոր է 1-1.5 տարի: Փորձարկմանը կմասնակցեն 45 երիտասարդ, առողջ կամավորներ, որոնց կտրվեն փորձնական պատվաստանյութի տարբեր դեղաչափեր: Ըստ պաշտոնյայի՝ մասնակիցները չեն կարող վարակվել, քանի որ նմուշները չեն պարունակում վիրուս: Փորձարկման նպատակն է համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի ազդեցություններ չունեն, ինչից հետո կարելի է անցնել ավելի լայնամասշտաբ թեստերի:

Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց չկա: Չինաստանում գիտնականները հիվանդության դեմ փորձարկել են ՄԻԱՎ-ի դեղամիջոցները, ինչպես նաև էբոլայի համաճարակի դեմ պայքարում օգտագործված դեղամիջոցներից մեկը:

Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդության սկզբից ի վեր աշխարհում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակի 169.943 դեպք, որոնցից ապաքինվել է 77.778-ը, մահացել՝ 6523-ը:

Ավելի վաղ հայտնել էինք`Քեմբրիջի Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման:

Նշենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և տնօրենների խորհրդի ղեկավարը գործարար Նուբար Աֆեյանն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.