lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է մի զոհի մասին, մարտական հերթապահություն իրականացնելիս: Ըստ Բաքվի տեղեկության, դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանում: Ինչպես հայտնի է, դեռեւս ամիսներ առաջ ադրբեջանցիները Տավուշի հետ սահմանին բանակային ստորաբաժանումները փոխարինեցին սահմանապահ ծառայությամբ, որն իր սպառազինությամբ գրեթե չի տարբերվում կանոնավոր բանակից:
Այդ հանգամանքը պարզորոշ դարձավ օրերս, երբ տեղի էր ունեցել դիվերսիայի փորձ, որը կանխվել էր, եւ ադրբեջանական կողմը հետ էր մղվել, թողնելով կորուստներ:
Ադրբեջանը հայտնել էր մեկ զոհի մասին: Նոր զոհի մասին տեղեկությունը նշանակում է, որ միանգամից չեն խոստովանել երկու կորստի մասին, քանի որ այդպիսով կհաստատեին, որ եղել է հենց դիվերսիայի փորձ, եւ երկու զոհը հենց դրա հետեւանք է:
Ադրբեջանը վերջին օրերին Տավուշի սահմանի ուղղությամբ ագրեսիա է իրականացնում: Պետք է արձանագրել երկու կարեւոր հանգամանք՝ Բաքուն Տավուշի ուղղությամբ սադրիչ քայլեր է կատարել ռուս-թուրքական իդլիբյան բախման ֆոնին: Հնարավոր է, դա եղել է Թուրքիայի անմիջական ցուցումով՝ Ռուսաստանի դեմ խաղարկելու համար, հնարավոր է նաեւ, որ Ադրբեջանն ինքն է փորձել ձուկ որսալ պղտոր ջրում:
Միեւնույն ժամանակ, Բաքվի տավուշյան սադրանքները հատկանշական են հայ-վրացական բանակցության ֆոնին: Այդ բանակցությունն առանձնացավ փոխադարձ անվտանգության կարեւորության մասին երկկողմ հայտարարություններով:
Այդ ամենով հանդերձ, բավական բարդ է Ադրբեջանի ներքին իրավիճակը, ընթանում է պայքար իշխանության համար: Փետրվարի 25-ին Էրդողանի Բաքու այցը աջակցություն էր Ալիեւին: Միեւնույն ժամանակ, Անկարան որոշակի կոշտ տրամադրություններ է արտահայտում Նախիջեւանի ուղղությամբ, ըստ ամենայնի ակնարկելով, որ Բաքվում իր համար անցանկալի զարգացման պարագայում կարող է դնել Նախիջեւանը Ադրբեջանից կտրելու խնդիր:
Կասկած չկա, որ Ադրբեջանում կառավարող կլանը իշխանությունը կորցնելուց հետո լիովին կաջակցի Թուրքիայի այդ մտադրությանը: Մանրամասները՝ այստեղ։