ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է newsmaker.md կայքը:
Նշվում է, որ վարակվածը նախօրեին Միլանից վերադարձած երիտասարդ տղա է, որին արդեն հասցրել են հոսպիտալացնել: Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ: Տեղեկությունների համաձայն` նրա անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» լաբարատորիա:
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատում են երեք փուլով. սկզբում եզրակացություն են ներկայացնում բժիշկ-վարակաբանները, այնուհետև «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ վերջնական հաստատումն անում են «Վեկտոր» լաբորատորիայի մասնագետները:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, համաճարակի էպիկենտրոն Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:
Առավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք): Կայքը հայտնում է նաև Հայաստանում հայտնաբերված մեկ դեպքի մասին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: