Իրանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:
ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում հարևան Իրանում: «Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը:
Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում»,-նշել էր Արսեն Թորոսյանը: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։