Գեղարքունիքի մարզի տարածաշրջանում տեղի բնակչության զբաղվածությանը համապատասխան նոր հանցատեսակներ ու հանցախմբեր են արմատավորվել: Դրանք պատրաստ են թշնամացնելու, «խժռելու» տեղի բնակչությանն ու իշխանավորներին՝ հանուն ազդեցության գոտիների։
2015թ. հունվարի 26-ին, Երևանից մեքենաներով Մարտունու Լիճք գյուղ հասած անձինք, օրը ցերեկով, հանրային վայրում, ականատեսների ներկայությամբ, բանդաներին բնորոշ ձևով հաշվեհարդար են տեսել Լիճք գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արթուր Իրիցյանների նկատմամբ:
Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք Գ. Նիկողոսյանի «G-500 Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ
մեքենաներով գնացել են Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:
Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ու արհամարհական, հեգնական տոնով հարցրել է նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել է նաև Արիստակես Բարսեղյանը, որը հարցրել է. «Կյաժն ո՞ւր ա»: Արայիկը պատասխանել է, թե չգիտի՝ եղբայրն ուր է:
Արիստակեսը բռունցքով հարվածել է Արայիկի քթին, Գառնիկ Նիկողոսյանը՝ ոտքով հարվածել է գոտկային շրջանին, Աշոտ Ավետիսյանն ու Արմեն Գորոյանը մահակներով հարվածներ են հասցրել Արայիկի գլխին և ծոծրակային հատվածներին՝ պատճառելով
տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սրքոյան եղբայրներից Էդուարդը ոտքով հարվածել է Արայիկի որովայնի աջ մասին, իսկ Էդգար Սրքոյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Արայիկի մարմնի տարբեր մասերին:
Արիստակես Բարսեղյանը իր ձեռքին եղած ատրճանակը պահել է իրենց խմբի խուլիգանական գործողությունները կանխող անձանց ուղղությամբ՝ վախեցնելով, որ չմիջամտեն:
Խումբը, մեկը մյուսին լրացնելով, ըստ մեղադրանքի, շարունակել է խուլիգանությունը:
Այդ ամենը շարունակվել է այնքան՝ մինչև Արայիկ Իրիցյանը արնաշաղախ և ուշագնաց ընկել է գետնին, Գառնիկ Նիկողոսյանն էլ, ըստ գործի նյութերի՝ հրահանգել է խմբին՝ դադարեցնել ծեծը:
Եղբորն օգնության շտապած Արթուր Իրիցյանին սպանել են այն ժամանակ, երբ նա բռնել է դեպքի վայրից փախչող ծեծի մասնակիցներից Աշոտ Ավետիսյանին և, բռունցքով հարվածելով, փորձել է պարզել նրա գյուղ գալու և ծեծի պատճառը: Այդ պահին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Կրակողը Արթուրի մանկության ընկերն է, նույն գյուղի բնակիչ, «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը, որը մի քանի համագյուղացիների հետ միասին համալրել է Գառնիկի թիմը:
Ըստ մեղադրանքի՝ այդ պահին Արթուր Իրիցյանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Արմեն Գորոյանը մոտ 3 մետր հեռավորությունից կրակել է Արթուրի որովայնի աջ կողմնային շրջանին՝ պատճառելով հրազենային թափանցող կույր վնասվածք:
Արթուրը հենվել է Արսեն Մ.-ին ու ասել է. «Բ-ի տղա Արմենը խփեց»: Արսենը Արթուրին մեքենայով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Արթուր Իրիցյանը նույն օրը մահացել է:
Արմեն Գորոյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու և դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ, 235 հոդվածի 1-ին, 104 հոդվածի 1-ին մասերով:
Էդուարդ և Էդգար Սրքոյաններին, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Աշոտ Ավետիսյանին՝ որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Բայց նախաքննական մարմինը դրանով հանդերձ ազատության մեջ է թողել գրեթե բոլոր մեղադրյալներին՝ վկաների վրա ճնշում գործադրելու, նախաքննության վրա ազդելու
հնարավորություն ստեղծելով: Միմյանց հետ ազգակցական ու բարեկամական կապեր ունեցող վկաների ցուցմունքներն ակնհայտորեն ու անտրամաբանորեն փոխվել են՝ անառողջ մթնոլորտ ստեղծելով Լիճքում:
Ամբաստանյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքը, Գեղարքունիքի դատարանն էլ սկսել է, այսպես ասած՝ «ազատման» ու «արդարացման» գործընթաց, քանի որ սպանությունն ու դաժան ծեծը բավարար չեն եղել դատավորի մոտ ներքին համոզմունք ձևավորելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արմեն Գորոյանի մեղադրանքը, նրան անմեղ է ճանաչել խուլիգանության մեղադրանքում, դիտավորյալ սպանության մեղադրանքը վերաորակել է որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն: Ա. Գորոյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ
կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 108 հոդվածով: Վերջին հաշվով՝ Արմեն Գորոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թ. հունվարի 27-ից:
Աշոտ Ավետիսյանը և Արիստակես Բարսեղյանը մեղավոր են ճանաչվել տուժողի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով), և նա դատապարտվել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: Կալանքի ժամանակահատվածը հաշվակցվել է պատժին, և դատարանի դահլիճում նրանք անհապաղ ազատ են արձակվել կալանքից:
Դատարանը ճանաչել ու հռչակել է Գառնիկ Նիկողոսյանի, Էդուարդ և Էդգար Սրքոյանների անմեղությունը խուլիգանության մեղադրանքում:
Այժմ տուժող կողմը և մեղադրանքը պաշտպանող դատախազը բողոքարկել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի
Իսկոյանի կայացրած դատական ակտը՝պահանջելով բեկանել այն և բոլոր ամբաստանյալների նկատմամբ կիրառել ավելի ծանր հանցագործության համար նախատեսված հոդված և պատիժ՝ կայացնելով համապատասխան դատական ակտ, կամ՝ բեկանել այն և վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Թեև մեղադրանքում հստակեցված չէ բռնության բուն շարժառիթը, սակայն դատաքննության ընթացքում ցուցմունքներից հայտնի դարձած հանգամանքները վկայում են, որ պատճառը կարող է լինել ազդեցության գոտիների ամրապնդումը, այն է՝ թե ում պետք է «ենթարկվեն» և «նալոգ» տան Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնող «խոպանչիները»:
Արթուր Իրիցյանը, ով ազդեցություն է ունեցել Լիճք գյուղում, փորձել է պաշտպանել Մոսկվայում Սիմոնիկի հետ ասֆալտ անող, բայց գյուղում «Ախրանիկ» մականունով հայտնի Կարենին, որն իրական արժեքից շատ ավելի թանկ գնով՝ 50․000 դոլարով և պարտքով թանկարժեք մեքենա է ձեռք բերել
Գառնիկից: Արթուրը զգալով, որ նա չի կարողանալու այդ պարտքը տալ, պարզապես հասկացրել է նրան, որ զուր է մեքենան վերցրել, և եթե չկարողանա Գառնիկի պարտքը տալ, շատ լուրջ խնդիր կունենա:
Եվ ահա այդ համագյուղացիները, որոնց Արթուրը փորձել է ինչ-որ կերպ պաշտպանել, խոսակցությունն այլ կերպ են հասցրել Գառնիկին, ինչը դուր չի եկել վերջինիս, և լարվել են կողմերի հարաբերությունները:
Ողբերգությունն այն է, որ գոնե առերևույթ շարժառիթն այնքան ծանրակշիռ չէ մարդու կյանքը խլելու և ազգակիցների հետ թշնամանալու համար. սպանվողը և ծեծվողը Գառնիկի մոր քեռորդիներն են, որոնց տանը նրան հոգատարությամբ են ընդունել դեռ Մարտունու զորամասում ծառայելու տարիներից:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am