Մարիա Զախարովան՝ ՌԴ-ում Նժդեհի հուշատախտակի վերաբերյալ միջադեպի մասին

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Հայկական Ժամանակի» այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գ. Նժդեհի հուշատախտահի հետ նախօրեին կատարված միջադեպը, ասաց.

«Անմիջապես այն պահից սկսած, այսինքն՝ նոյեմբերի 13-ին, երբ տարածվեց հաղորդագրություն այդ դեպքի վերաբերյալ, տեղի իրավապահ մարմիններն անհապաղ ձեռնամուխ եղան միջադեպի քննությանը: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության արձագանքը հիշյալ միջադեպի հետ կապված, մենք նույնպես, հետևում ենք զարգացումներին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը «խորը վրդովմունքով» արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է. «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, որը հակասում է սահմանված իրավական կարգին: Այս գործողությունները չեն համընկնում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության:

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին սահմանված կարգով կտեղեկացնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարված վանդալիզմի մասին:

Միևնույն ժամանակ, Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին: Միջադեպը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.