«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:
Հարցին, արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւը նամակով ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար, մամուլի ծառայությունից պատասխանել են.
«Այո, Միխայիլ Լեւոնտեւը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային եւ ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ եւ կոպիտ լինելը:
Նա նաեւ ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որեւէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ եւ հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որեւէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի եւ Հայաստանի միջեւ դրական համագործակցության վրա»: