«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ խաղում անընդմեջ չհաղթեց: Մոուրինյոյի թիմում ճգնաժամը խորանում է, և բրիտանական մամուլում արդեն իսկ կարծիքներ են հնչում պորտուգալացի մասնագետի հեռանալու վերաբերյալ:
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բրիսթոլին» 1:2 հաշվով զիջելուց հետո Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» նախ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Լեսթերի», այնուհետև «Բարնլիի» հետ: Եթե «Բրիսթոլի» հետ հանդիպումից Մոուրինյոն խոսում էր բախտի գործոնի մասին, ապա վերջին խաղին հաջորդած մամուլի ասուլիսում այս մասնագետը գովաբանել է ֆուտբոլիստների՝ նշելով, որ նրանք դրսևորեցին կամք:
Ի դեպ, Մոուրինյոն հիշատակել է նաև Մխիթարյանին՝ ընդունելով, որ հայ ֆուտբոլիստը օգնեց թիմին խուսափել պարտությունից: «Խաղն այնպիսին էր, որ այսօր մենք պետք է հաղթեինք: Կրկին անգամ եղան սխալներ ու բացթողումներ: Ամեն դեպքում գոհ եմ, որ 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացանք փրկվել և հանդիպումն ավարտել ոչ-ոքի: Գովում եմ թիմին և ֆուտբոլիստներին մարտական ոգու համար: Փոխարինման դուրս եկած Լինգարդը մեծ օգուտ տվեց թիմին: Լինգարդի հետ երկրորդ կեսում ասպարեզ դուրս եկած Մխիթարյանն էլ աշխուժացրեց խաղը: Այս շրջանում խաղային գրաֆիկը խիստ հագեցած է: Այս առումով, սակայն, բոլոր թիմերն էլ հավասար են: Այսօր մենք ավելի լավ տեսք ունեինք դաշտում, և կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» արժանի էր հաղթանակի»,- ասել է Մոուրինյոն:
Տևական դադարից հետո պորտուգալացի մասնագետը գնահատեց Մխիթարյանին: Ավելին, երեկվա խաղում Մոուրինյոն երկրորդ կեսում հայ ֆուտբոլիստին վստահել էր խաղային առումով կարևորագույն առանցք: Մխիթարյանը փոխարինեց կենտրոնական պաշտպան Ռոխոյին: Մեր հավաքականի ավագը գործում էր դաշտի բոլոր հատվածներում: Կենտրոնական պաշտպանի բացակայությունը բնականաբար փոխել էր թիմի դասավորությունը՝ առաջացնելով բացեր: Մի քանի դեպքում «Յունայթեդը» գրոհը սկսում էր կենտրոնից հենց Մխիթարյանի միջոցով:
Նկատենք, որ առաջին կեսում «Յունայթեդի» խաղն ուղղակի խաթարված էր: Դաշտի տերերը մեծ դժվարությամբ էին գնդակը տեղափոխում մրցակցի կիսադաշտ: Պոգբան փորձում էր գնդակ պահել, սակայն կենտրոնական հատվածում խնդիրներ էին ծագում՝ կապված համագործակցության և խաղարկման հետ: Չափից ավելի դանդաղ էր Նեմանյա Մատիչը: Չէր ստացվում նաև Իբրահիմովիչի խաղը, իսկ Մատան, փորձելով իր վրա վերցնել խաղը, մոլորվում էր խաղադաշտում:
Ինչևէ, Մխիթարյանի խաղը «Բարնլիի» դեմ իդեալական չես անվանի: Նկատվում է, սակայն, որ մեր ֆուտբոլիստը վերագտնում է իր տեղը խաղադաշտում: Դա նկատում է նաև Մոուրինյոն: «Բարնլիի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հայտարարությունը վկայում է նաև, որ Մոուրինյոն այսօր ունի Մխիթարյանի պես ֆուտբոլիստի կարիք: Այսօր «Յունայթեդում» դժվար է գտնել մի ֆուտբոլիստի, որը կկարողանա պայքար մղել դաշտի բոլոր հատվածներում: Մխիթարյանի մոտ զարգացած է խաղը վերակենդանացնելու հատկությունը: Ավելի ստույգ, հայ ֆուտբոլիստը զգում է՝ որտեղ կան խնդիրներ և ինչպես է պետք դրանք կարգավորել: Ու հիմա, երբ Մոուրինյոյի գլխին ամպեր են կուտակվում, Մխիթարյանը հնարավորություն է ստացել վերակենդանացնելու թե՛ «Յունայթեդը» և թե՛ Մոուրինյոյին:
«Յունայթեդի» վերջին երեք հանդիպումները վկայում են այն մասին, որ արդեն մրցաշրջանի միջնամասում Մոուրինյոյի ծրագիրը մոտ է ձախողվելուն: Թիմում տիրող լարվածությունը դրսևորվում է խաղադաշտում: Հաճախակի են դարձել վնասվածքները: Ֆունդամենտալ քայլեր չձեռնարկելու դեպքում չի բացառվում, որ «Յունայթեդը» կորցնի տեղը Պրեմիեր լիգայի լավագույն հնգյակում: Արդեն երկրորդ մրցաշրջանն է՝ Մոուրինյոյին չի հաջողվում ձևավորել թիմի կորիզը: «Մանչեսթեր Յունայթեդն» ուղղակի չունի օպտիմալ կազմ: Մեկ անհաջող հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստները հայտնվում են Մոուրինյոյի սև ցուցակում և հաջոդ խաղում տեղ չեն գտնում նույնիսկ հայտացուցակում:
«Լեսթերի» դեմ ոչ այնքան հաջող հանդիպում անցկացնելուց հետո Մարսիալը երեկվա խաղում նույնիսկ պահեստայինների շարքում տեղ չէր գտել: Ֆուտբոլիստը չի կարող
շարունակ խաղալ նույն մակարդակի ֆուտբոլ: Կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չէ մեկ անհաջող հանդիպում անցկացնելուց հետո պատժել ֆուտբոլիստին: Արհեստական մրցակցությունը ստեղծում է նյարդային մթնոլորտ, առաջացնում է ջղաձգումներ:
Դեկտեմբերի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցելու է «Սաութհեմփթոնի» դեմ, իսկ արդեն հունվարի 1-ին հյուրընկալվելու է «Էվերթոնին»: Հավանականությունը մեծ է, որ այս հանդիպումներից մեկում Մոուրինյոն Մխիթարյանին խաղադաշտ դուրս կբերի առաջին րոպեներից:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am