Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև ռեկորդ է սահմանել:
17-ամյա Միքայել Չոլակյանը 49 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 182 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ պատանի ծանրորդը գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 101 կգ-ն՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների առանձին վարժությունների համար:
Միքայել Չոլակյանը Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան է: Անձնական մարզիչն Ալեքսան Կարապետյանն է:
17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 167 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Նա պոկել է 73 կգ և հրել է 94 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների: Ի դեպ, հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ը, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Ժորա Գրիգորյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (61 կգ), Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Մերի Միսակյանը (59 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ):
Զուգահեռաբար ընթանում է նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված է երկու ծանրորդ՝ Սերյոժա Սարգսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ): Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: