Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սայթաքեց հյուրընկալվելիս՝ ոչ-ոքի խաղալով «Լեսթերի» հետ: Վերջինս պարտությունից խուսափեց 10 ֆուտբոլիստներով: «Կարող էինք հեշտությամբ հաղթել, սակայն չօգտագործեցինք իրական գոլային պահերը: Դա զավեշտ էր: Իրավունք չունեինք նման խաղ ցուցադրելու: Մանկական սխալներ թույլ տվեցինք և պատժվեցինք»,- խաղից հետո նշել էր Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով զիջել էր Չեմփիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլին»՝ դուրս մնալով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից:
«Յունայթեդի» վերջին երկու հանդիպումները վկայում են այն մասին, որ արդեն մրցաշրջանի միջնամասում Մոուրինյոյի թիմը լուրջ խնդիրների առջև է կանգնել: Թիմում տիրող լարվածությունը դրսևորվում է խաղադաշտում: Հաճախակի են դարձել վնասվածքները: Վերջին երկու հանդիպումներում «Յունայթեդի» կազմում հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը տևական ժամանակ տեղ չէր գտնում նույնիսկ հայտացուցակում: Մեր ֆուտբոլիստին բրիտանացի փորձագետներն ու լրագրողները շարունակ տարբեր թիմեր են ուղարկում՝ «Արսենալ», «Ինտեր», «Բորուսիա»… Նշվում էր, որ Մոուրինյոն որոշել է, այսպես ասած, «ճամփու դնել» Մխիթարյանին և ավարտվող տարում դրսևորվելու հնարավորություն չի տա:
Ու մինչ խոսվում է, թե հունվարին որ թիմ կտեղափոխվի Մխիթարյանը, Մոուրինյոն նրան խաղալու հնարավորություն տվեց «Բրիսթոլի» հետ մրցավեճում: Մխիթարյանը խաղաց մոտ 20 րոպե և արժանացավ միջինից բարձր գնահատականի: Ըստ էության «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին բավարարել էր Մխիթարյանի ցուցադրած խաղը գավաթային մրցավեճում: Ապացույցը «Լեսթերի» հետ խաղում մեր ֆուտբոլիստի հայտացուցակում լինելն ու խաղադաշտում հայտնվելն էր:
Արդեն վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալի «Բարնլիին»: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ հավանական է թվում, որ վաղը Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին խաղալու ավելի շատ ժամանակ կտա: Չի բացառվում նաև, որ Մխիթարյանին վաղը տեսնենք մեկնարկային կազմում:
Խոսելով «Լեսթերի» հետ զավեշտի մասին և նշելով, որ մանկական սխալները թույլ չտվեցին «Յունայթեդին» հաղթել, Մոուրինյոն ըստ էության իր դժգոհությունը հայտնեց հարձակողական ոճի ֆուտբոլիստներից: Հիշեցնենք՝ «Լեսթերի» դեմ 100 տոկոսանոց գոլային պահերը չօգտագործեցին Մարսիալը, Լինգարդն ու Ռեշֆորդը: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ առջևի օղակում Մոուրինյոն փոփոխություն կկատարի: «Լեսթերի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած Մատան կլինի մեկնարկային կազմում և ըստ ամենայնի կգործի հարձակման աջ եզրում: Մոուրինյոն կարող է Մխիթարյանին օգտագործել կա՛մ ենթահարձակվողի դիրքում՝ Լինգարդի փոխարեն, կա՛մ էլ հարձակման ձախ եզրում՝ Մարսիալի փոխարեն: Հաշվի առնելով Մոուրինյոյի աշխատելու եղանակը՝ չի կարելի բացառել, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է նոր հնարավորություն ընձեռել
Մխիթարյանին և որոշակի ծրագրեր ունի հայ ֆուտբոլիստի հետ: Վերջին հանդիպումների զավեշտը Մոուրինյոն ուղղակի չի կարող աչքաթող անել: Չի բացառվում, որ որոշ ֆուտբոլիստներ հայտնվեն սև ցուցակում՝ դառնալով զավեշտի գերիները:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելուն, ապա այս պահին ավելի հավանական է թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ «Յունայթեդում» մնալը: Եթե Մոուրինյոն որոշած լիներ Մխիթարյանին այլ թիմի տրամադրել, դժվար թե տևական դադարից հետո հնարավորություն տար նրան:
Ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ տեղեկությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Երեկ հայ ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցություններին էր անդրադարձել այս թիմի գործադիր տնօրեն
Հանս Յոահիմ Վացկեն: Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում Վացկեն ըստ էության հասկացրել էր, որ իրենք ամենևին էլ ցանկություն չեն հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանի տրանսֆերը գնելու: «Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները մեծ երևակայության հետևանք են: Հայ ֆուտբոլիստի՝ Դորտմունդ վերադառնալը շատ քիչ է հավանական: Ամեն դեպքում չի կարելի ամբողջովին բացառել, որ մի օր Մխիթարյանը նորից հանդես կգա «Բորուսիայում»»,- ասել է Վացկեն:
Նշենք, որ Մխիթարյանը «Բորուսիայից» հեռացել էր 18 ամիս առաջ՝ 42 միլիոն եվրոյով: Ինչևէ, «Բարնլիի» հետ խաղը պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն Հենրիխ Մխիթարյանի համար:
Դեկտեմբերի 30-ին «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի շրջանակներում կհյուրընկալի «Սաութհեմփթոնին», իսկ հունվարի 1-ին մրցակցի հարկի տակ կմրցի «Էվերթոնի» հետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am