Մոուրինյոյի ճակատագրական սխալը.Ո՞վ է մեղավոր, որ թիմում տիրում է բարոյահոգեբանական...

«Մանչեսթեր Յունայթեդը» ձախողվեց Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում, քառորդ եզրափակչում զիջելով «Բրիսթոլին»: Վերջինս ելույթ չի ունենալու Անգլիայի Պրեմիեր լիգայում և ներկայացնում է կարևորության երկրորդ դիվիզիոնը՝ Չեմփիոնշիփը: Ոմանք այս պարտությունը համարում են պատահականություն՝  կարծիք հայտնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ուղղակի աչքաթող է արել մրցակցին: Հանդիպումից հետո, պատահականության և բախտի գործոնի մասին է խոսել նաև «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Մրցակցի բախտն ուղղակի բերեց: Այնուամենայնիվ, նրանք արժանի դիմադրություն ցույց տվեցին և պետք է գոհ լինեն արդյունքից: Բոլորը սպասում էին մեր գոլին, սակայն գնդակը 2 անգամ դիպավ դարպասաձողին:

Մրցակիցը հրաշալի էր պայքարում: «Բրիսթոլի» ֆուտբոլիստներն այնպես էին պայքարում, կարծես սա նրանց կյանքի հանդիպումն էր: Հնարավոր է, որ այդպես էլ կար: Հրաշալի օր էր ֆուտբոլի համար: Հաղթեց ցածր լիգայի թիմը, և դա մեծ օր է նրանց համար: Մեզ չբավականացրեց ֆիզիկական ու բարոյական որակներ, որն ուներ մրցակիցը»,- նշել է Մոուրինյոն: Խոսելով բարոյական որակների մասին պորտուգալացի մասնագետն ըստ էության հայտարարեց այն մասին, որ իր թիմում բարոյահոգեբանական վիճակն այն չէ: Կարծես թե ակնհայտ էր, որ «Յունայթեդը» վաղ թե ուշ պետք է տապալվի: Թիմում, որտեղ շարունակ ստեղծվում է արհեստական մրցակցություն չի կարող նորմալ մթնոլորտ տիրել: Բոլորս սպասում էինք, որ Մխիթարյանը այս խաղում կփայլի և կապացուցի, որ անարդարացիորեն է դուրս մնացել թիմի հիմնական կազմից: Ֆուտբոլը թիմային խաղ է և յուրաքանչյուր ֆուտբոլիստի հաջող խաղը կամա թե ակամա կախված է խաղընկերներից:

Մոուրինյոյի ստեղծած թիմում իրականում դժվար է դրսևորվել: Տևական ժամանակ չխաղալով Մխիթարյանն ուղղակի չէր կարող միայնակ բեկել հանդիպման ընթացքը: Տվյալ պարագայում ցանկություն շատ քիչ էր:

Մոուրինյոն Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերեց ֆուտբոլային լեգենդ Զլատան Իբրահիմովիչի փոխարեն: Իբրահիմովիչն այն ֆուտբոլիստ է, որ օժտված է բարձր պրոֆեսիոնալիզմով և դաշտը տեսնելու բացառիկ ունակությամբ: Իբրահիմովիչը դեռևս նախորդ մրցաշրջանում նպաստել էր, որ Մխիթարյանը գտնի իր տեղը խաղադաշտում: Բոլորս էինք սպասում, որ Մխիթարյանը խաղադաշտ դուրս գալով կխաղա հենց Իբրահիմովիչի հետ: Երեկվա խաղում Իբրահիմովիչին Մխիթարյանին փոխարինելով Մոուրինյոն ըստ էության ճակատագրական սխալ թույլ տվեց: Հնարավոր է, որ Իբրահիմովիչը վնասվածքից հետո ֆունկցիոնալ առումով պատրաստ չէր պայքարել 90 րոպե, բայց բարոյալքված թիմում այս ֆուտբոլիստի ներկայությունը պարզապես ուղղակի անհրաժեշտ էր: Իբրահիմովիչ-Մխիթարյան խաղային դուետը կարող էր դառնալ Մոուրիյոյի հաղթաթուղթը, բայց…:

Խաղադաշտ դուրս գալով Մխիթարյանը պետք է իրավիճակը փոխեր Մարսիալի և Ռեշֆորդի հետ: Ֆուտբոլիստներ,․ որոնց խաղային ինտելեկտն ու մտածողությունը բարձր մակարդակի վրա չէ: Ֆուտբոլիստներ որոնք խաղում են ոչ թե թիմի, այլ գոլ խփելու համար: Նույնիսկ այս իրավիճակում Մխիթարյանը ցուցադրեց բարձր մակարդակի ֆուտբոլ: Մոուրինյոն երեկ հիմնական կազմում էր ընդգրկել խաղացողների, որոնց պորտուգալացի մասնագետը չի համակրում և քիչ խաղաժամանակ է տալիս: Երկար ժամանակ չխաղալով ֆուտբոլիստը հոգեբանորեն կոտրվում է և թուլանում է պայքարելու հատկությունը: Ու չնայած բրիտանական մամուլը խստորեն քննադատում է Մոուրինյոյին, վերջինս ամենևին էլ մտադիր չէ ընդունել իր մեղքը: Նման «կալիբրի» մասնագետի կողմից բախտի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:

Հայտնի ասավվածք կա, ըստ որի բախտը ուժեղներին է բերում: Եթե «Բրիսթոլի» բախտը բերեց, ուրեմն այս թիմն երեկ ավելի ուժեղ էր: Ո՞վ է մեղավոր, որ թիմում տիրում է բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ: Սրանք հարցեր են, որի պատասխանը շատերին է հայտնի և այդ հարցերը չլուծելու դեպքում նման պարտությունները շարունակական են լինելու:

Բոլորի համար է պարզ, որ «Յունայթեդի» պարտությունը զուտ մարզչական էր: Այս պարտությունը հետևանք էր մի պրոցեսի, որը քայքայում է թիմը և թիմ ասվածի գաղափարը: Հետխաղյա մամուլի ասուլիսում Մոուրինյոյի արտահայտությունները խոսում են նրա այսպես ասած «վառված» լինելու մասին: Կարծում ենք քննադատությունները և մեղադրանքներն այս աստիճան բուռն չէին լինի, եթե Մոուրինյոն շնորհավորեր մրցակցին, ներողություն խնդրեր և պարտության ողջ պատասխանատվությունը վերցներ իր վրա, ասել է թե պետք  է նաև պարտվելու շնորք ունենալ:

Թե ինչ հետևություններ կանի պորտուգալացի մասնագետը դժվար է ասել: Երկու օր հետո արդեն Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Լեսթերին»: Այսօր քչերն են հավատում, որ ծանր ապտակ ստացած թիմը երկու օրում կկարողանա վերականգնվել և արժանի խաղ ցուցադրել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am