Նոր Մանրամասներ. Ահա, թե ով կփրկի Մխիթարյանի կարիերան

Արմենպրեսը տեղեկություն է տարածել, որ Մոսկվայի Արարատ ֆուտբոլային ակումբը կարող է տեղափոխվել Հայաստան ու հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում: Ըստ տեղեկության, Ռուսաստանի առաջնությունում մրցունակ լինելու համար պետք է շատ փող, իսկ Հայաստանի առաջնությունն այդ տեսանկյունից անհամեմատ նվազ ծախսատար է:

Դեռեւս չկա այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում, թեեւ հնարավոր հեռանկարի տրամաբանությունը պարզ է: Մոսկվայի Արարատը ստեղծել են Ռուսաստանի հայ մեծահարուստները: Նրանց նպատակն էր անցնել բարձրագույն խումբ, գնալ առաջ, գուցե եվրագավաթներ եւ այլն: Այդ դեպքում նաեւ ակումբը կդառնար հաջողակ բիզնես: Բայց Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունն այդ տեսանկյունից իսկապես մրցունակ է: Առավել եւս, որ կա նաեւ քաղաքական կողմը՝ թույլ կտա՞ն Արարատ անունով թիմի վերելք, եթե օրինակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության պարագայում Արարատի պատկերը հանվում է Հայաստանի հավաքականի համազգեստի վրայից:

Այդպիսով, Ռուսաստանի հայերը, որոնք փող ունեն, ըստ երեւույթին մոտենում են որոշման, որ Արարատի վրա ծախսվող փողը ջուրն է ընկնում, չունի հեռանկար: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է հասնել գոնե ինչ որ նվազագույնի, եթե նախագիծը ոչ թե փակվի, այլ տեղափոխվի Հայաստան: Միաժամանակ էլ դա կարող է ներկայացվել որպես Հայաստանում կատարված ներդրում՝ ներդրողների ակումբի: Բանն այն է, որ Մոսկվայի Արարատը կարող է գրվել այդ ներդրողների ակումբի բալանսի վրա: Նոյեմբերի 17-ին տարածվեց տեղեկություն, որ ակումբի նախագահ է ընտրվել միլիարդատեր, ըստ Ֆորբսի ամենահարուստ հայը համարվող Սամվել Կարապետյանը, իսկ տնօրենների խորհրդի նախագահն է Կամո Ավագումյանը՝ ռուսաստանցի մեծահարուստ, որը օրերս ձեռք բերեց Հովիկ Աբրահամյանին պատկանող Արտֆուդ ընկերությունը: Թե Կարապետյանը, թե Ավագումյանը այն գործարարների շարքում են, որոնք ներդրումային պատրաստակամությամբ աջակցություն են հայտնել Կարեն Կարապետյանին:

Ու քանի որ Կարապետյանն էլ կարծես թե ունի ներդրումային վիճակագրության կամ բալանսի խնդիր, Մոսկվայի Արարատի Հայաստան տեղափոխումը կարող է դիտարկվել որպես արտաքին ներդրում: Միեւնույն ժամանակ, Արարատը Հայաստանում կլինի մրցունակ, մեծ հավանականությամբ կնվաճի եվրագավաթների իրավունք եւ կարող է նաեւ ստանալ որոշակի ֆինանսական օգուտներ:

Միաժամանակ, բավական հետաքրքիր վիճակ է ստեղծվում հայկական ֆուտբոլում: Փաստացի ստացվում է, որ Սամվել Կարապետյանը կանգնած է միանգամից երկու ակումբի «գլխին»: Բանն այն է, որ նոյեմբերին հայտարարվեց Կարապետյանի Ալաշկերտ ակումբի գլխավոր հովանավոր դառնալու մասին: Ակումբը Հայաստանի չեմպիոնն է: Այդպիսով, Հայաստանի տնտեսության մեջ ավելի ու ավելի ընդլայնված ներկայություն ունեցող Սամվել Կարապետյանը փաստացի վերցնում է նաեւ ֆուտբոլը, եթե իհարկե Մոսկվայի Արարատը տեղափոխվի Հայաստան:

Հետաքրքիր է, թե ինչ պետք է անի Երեւանի Արարատը՝ միավորվի՞, թե Մոսկվայի Արարատը Երեւանում հանդես կգա արդեն այլ անունով: Բոլոր դեպքերում, հայկական ֆուտբոլում Սամվել Կարապետյանի ներգրավվածության աճը մի կողմից թերեւս տրամաբանական է՝ ֆուտբոլն էլ Հայաստանի տնտեսա-քաղաքական քվոտավորևման ենթակա ճյուղերից մեկն է, մյուս կողմից կարող է իսկապես դրական միտումներ առաջ բերել ֆուտբոլային տնտեսության, համակարգի ճահճացած վիճակից դուրս գալու համար:

Կարապետյանը խոշոր հաշվով դարձել է կամ դառնում է Հայաստանի գլխավոր հովանավորը: Եվ թերեւս այստեղ է նաեւ հայկական ֆուտբոլի գլխավոր հույսի եւ «ազգի միակ ուրախության»՝ Հենրիկ Մխիթարյանի կարիերայի փրկօղակը: Սամվել Կարապետյանն ըստ երեւույթին կհանգուցալուծի Հենրիկի  շուրջ ստեղծված վիճակը, վճարելով նրա համար

Մանչեսթեր Յունայթեդի սահմանած տրանսֆերային գինը ու Հենրիկ Մխիթարյանին «պանդխտությունից» վերադարձնելով հայրենիք: Վերջին հաշվով, թերեւս արժե համաժողովրդական ուրախության համար վճարել 35 միլիոն ֆունտ ստեռլինգ, եւ դա էլ դուրս գրել իբրեւ ներդրում՝ ներդրում համազգային ուրախության մեջ: Իսկ որտեղ խաղա Մխիթարյանը՝ Մոսկվայի Արարատում, թե Ալաշկերտում, հնարավոր է որոշել համաժողովրդական քվեարկությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am