Քիչ Առաջ. Ահա թե ովքեր են Մոուրինյոյի սև ցուցակը. Ովքեր տեղ չունեն նոր «Մանչեսթեր Յունայթեդում».

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին հաղթանակ տարավ մրցաշարային աղյուսակի վերջնամասում գտնվող «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ: Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղը դժգույն էր ու փորձագետների կողմից քննադատության է արժանացել, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ է իր խաղացողներից և իր թիմը հերթական փայլուն մրցավեճն է անցկացրել:

«Մենք արժանի էինք հաղթանակի, քանզի խաղի թելը մեր ձեռքում էր: Մենք վերահսկում էինք իրավիճակը և կարող էինք ավելի համոզիչ հաշվով հաղթել: Ընդմիջումից հետո չէինք գործում նույնքան ինտենսիվ, որքան առաջին խաղակեսում: Ամեն դեպքում, բաց թողած գոլից հետո դարձյալ սկսեցինք վերահսկել խաղը»,- ասել է Մոուրինյոն:

Վերջին շրջանում Մոուրինյոն շարունակ քննադատության է ենթարկվում մի շարք ֆուտբոլիստների անտեսելու համար: Մասնավորապես, շատ մասնագետների կարծիքով՝ «Յունայթեդում» կան խաղացողներ, որոնք Մոուրինյոյի ձեռքը կրակն են ընկել: Հիշեցնենք,

որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես դարձել է այս մասնագետի զոհը: Վերջին 9 հանդիպումներում Մխիթարյանը խաղադաշտում միայն մեկ անգամ է եղել: Մխիթարյանը տեղ չի գտնում նույնիսկ Մոուրինյոյի հայտացուցակում, ինչը ապացույցն է այն բանի, որ հայ ֆուտբոլիստի խաղից դուրս վիճակում լինելն ամենևին էլ տակտիկական պատճառներ չունի: Օրինակ՝ վերջին խաղերում Մոուրինյոն հայտավորում է երիտասարդ կիսապաշտպան ՄաքՏոմինեյին: Վերջինս ըստ էության ոչնչով աչքի չի ընկնում և խաղամակարդակով նույնիսկ համեմատվել չի կարող Մխիթարյանի հետ: Նշենք, որ որակազրկման պատճառով «Յունայթեդին» չի կարող օգնել Պոգբան, իսկ մեկ այլ կիսապաշտպան՝ Ֆելաինին, վնասվածք ունի:

Թվում էր, թե «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում Մոուրինյոն հանգամանքների բերումով գոնե պահեստայինների շարքում կընդգրկի հայ կիսապաշտպանին, բայց… Փաստորեն հանուն ինչ-որ «պրինցիպների»՝ Մոուրինյոն նախընտրում է ռիսկի դիմել՝ ապավինելով անփորձ խաղացողին:

Նկատենք, որ վերջին խաղում «Յունայթեդի» կիսապաշտպանությունը, մեղմ ասած, հաջող չգործեց: Հենակետային կիսապաշտպաններ Մատիչն ու Էրերան ստիպված էին խաղալ որպես պաշտպաններ, քանզի մրցակիցը հեշտությամբ մոտենում էր տուգանային հրապարակին: Հայտարարելով, որ իր թիմը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, Մոուրինյոն հասկացնել է տալիս, որ ներկայիս կազմը ամենաօպտիմալն է, և այլ խաղացողների մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Մոուրինյոյի սև ցուցակում են հայտնվել նաև պաշտպաններ Դեյլի Բլինդն ու Մատեո Դարմիանը, որոնք հազվադեպ են տեղ գտնում «Յունայթեդի» հայտացուցակում: Վերջերս Մոուրինյոն դրսևորվելու հնարավորություն տվեց մեկ այլ պաշտպանի՝ Լյուկ Շոուին, որի խաղը տպավորեց բազմաթիվ փորձագետների: «Վեսթ Բրոմվիչի» դեմ, սակայն, Շոուն մնաց պահեստայինների նստարանին, չնայած երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ Վալենսիան, և թվում էր, թե խաղադաշտում կհայտնվի հենց Շոուն:

Մոուրինյոն ստեղծում է նոր «Մանչեսթեր Յունայթեդ»: Նոր թիմում տեղ չեն ունենա այն ֆուտբոլիստները, որոնք Մոուրինյոյի սև ցուցակում են: Ավելին, պորտուգալացի մասնագետը ստեղծում է պայմաններ, որպեսզի ֆուտբոլիստները հեռանան և նրանց տրանսֆերներից գոյացած գումարներով գնվեն նոր ֆուտբոլիստներ: Մխիթարյանը, Բլինդը, Դարմիանը, Շոուն բարձրակարգ ֆուտբոլիստներ են, և նրանց համար դժվար չի լինի նոր թիմ գտնելը: Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա հունվարին «Մանչեսթեր Յունայթեդում» կադրային փոփոխություններ կլինեն: Ու չնայած Մոուրինյոն նշում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի սիրահար չէ, այդուհանդերձ հասկացնել տվեց, որ սև ցուցակում հայտնված խաղացողներին հեռանալու հնարավորություն կտա:

«Ես չեմ կանգնեցնի Մխիթարյանին: Եթե նա դժգոհ է, կարող է հեռանալ: Դա բնական է, երբ ֆուտբոլիստը ավելի լավ առաջարկ է ստանում: Սովորություն չունեմ ձմեռային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներից հրաժարվելու, սակայն եթե առաջարկը գրավիչ է, բաց կթողնեմ նրան»,- նշել էր Մոուրինյոն:

Բրիտանական մամուլում արդեն իսկ նշվում են անունները, որոնք հավակնում են տեղ գտնել Մոուրինյոյի նոր «Մանչեսթեր Յունայթեդում»: Մասնավորապես հավանական է թվում «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը: Խոսվում է նաև «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Ժոաո Մարույի՝ անգլիական թիմ տեղափոխվելու մասին: Այսօր հայտնի դարձավ, որ Մոուրինյոն պատրաստ է 60 միլիոն եվրոյով Թուրինի «Յուվենտուսից» ձեռք է բերել եզրային պաշտպան Ալեքս Սանդրոյին:

Նշվում է, որ ձմռանը Մոուրինյոն ընդհանուր առմամբ 90 միլիոն եվրո կծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս գումարը պորտուգալացի մասնագետը կփորձի փոխհատուցել Մխիթարյանին, Շոուին և էլի մի քանի ֆուտբոլիստների՝ այլ թիմերին տրամադրելով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ. Ահա թե ովքեր են Մոուրինյոյի սև ցուցակը. Ովքեր տեղ չունեն նոր «Մանչեսթեր Յունայթեդում».


Նյութի աղբյուր՝ www.1in.am