Նոր Սենսացիոն Բացահայտումներ՝ կապված մեր ֆուտբոլիստի խաղի անկման հետ.Եթե Մխիթարյանը մասնակցեր դերբիին...

Ցուցադրելով անորակ և անատամ ֆուտբոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային մրցավեճում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»: Չնայած դերբիից առաջ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր իր թիմի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից լինելու մասին, այդուհանդերձ շատերը համոզվեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նման խաղով չի կարող լուրջ հավակնություններ ունենալ: Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում դաշտի տերերը միայն մեկ հարված կատարեցին դարպասին, այն էլ՝ մրցակցի կոպիտ սխալից հետո:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դժվար է նշել մի ֆուտբոլիստի, որի խաղը կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճում: Նույն Լինգարդը, որը Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումներում գերազանց խաղ էր ցույց տվել, երեկ ուղղակի անհետանում էր խաղադաշտում: Պատկերացնենք, եթե «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճում «Յունայթեդի» կազմում լինել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն

ընդհանրապես հայտավորված չէր այս խաղին: Ի՞նչ կարող էր անել հայ ֆուտբոլիստը մանչեսթերյան դերբիում: Մոուրինյոյի ֆուտբոլիստները մրցակցին թույլ էին տալիս սեփական տուգանային հրապարակում «կարուսել» ստեղծել: «Մանչեսթեր Յունայթեդին» մեծ դժվարությամբ էր հաջողվում գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ: Չենք կասկածում, որ եթե հայ ֆուտբոլիստը լիներ խաղադաշտում, ապա խաղից հետո վերլուծաբանները և երկրպագուները խստորեն կքննադատեին նրան: Ըստ էության երկրորդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց Ռոմելու Լուկակուի պատճառով, բայց այս ֆուտբոլիստը, չգիտես ինչու, «թթու խոսքերի» չի արժանանում:

Ոմանք դաշտի տերերի անհաջող խաղը կապում են Պոլ Պոգբայի բացակայության հետ: Ակնհայտ է, սակայն, որ նույնիսկ Պոգբայի ներկայությունը դժվար թե ինչ-որ բան փոխեր: Լուրջ թիմերի դեմ պայքարում պորտուգալացի մասնագետի ստեղծած խաղային սխեման

ուղղակի խաթարվում է: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ որոշ դեպքերում Մխիթարյանի ոչ այնքան հաջող խաղի պատճառը Մոուրինյոյի մարտավարական՝ համակարգային սխալներն են: Երեկ բոլոր ֆուտբոլիստները վատ խաղացին, և դա փաստ է: Իսկ նման օրինակները բազմաթիվ են:

Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» ձեռագիրը գնդակ պահելն ու արագ տեղաշարժվելն է: Նույն Մատիչը, որը համարվում է Պրեմիեր լիգայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը, որոշ դրվագներում ուղղակի խուճապի էր մատնվում: Նույնը կարել է ասել Անդեր Էրերայի մասին: Խաղալով երկու հենակետայիններով՝ Մոուրինյոն իր ձեռքով «Յունայթեդին» սեղմեց դեպի սեփական դարպասը: Մատիչն ու Էրերան տարված լինելով մրցակցի արագաշարժ խաղացողներին կասեցնելով՝ չէին հասցնում մասնակցել նաև գրոհներին, ինչի հետևանքով էլ առջևի գծի խաղացողները կտրված էին խաղից:

«Կարևորագույն խաղում ապացուցեցինք, որ կարող ենք այսպիսի ֆուտբոլ խաղալ նաև Պրեմիեր լիգայում: Մարդիկ ասում էին, որ Անգլիայում ուղղակի հնարավոր չէ խաղալ այնպես, ինչպես ելույթ էր ունենում «Բարսելոնան»: Երբեք չեմ հրաժարվել այն մտքից, որ

մենք կարող ենք անել դա: Ամեն րոպե պետք է խաղալ այնպես, ինչպես ցանկանում ես, քանի որ ֆուտբոլն այդքան գեղեցիկ է: Երջանիկ եմ, որ Լոնդոնում ու «Օլդ Տրաֆորդում» խաղում ենք այդպիսի ֆուտբոլ և հաղթում: Ֆուտբոլն աննկարագրելի է ու անկանխատեսելի: Այս հաղթանակն ընդգծում է մեր վստահությունը սեփական ուժերին: 3 օր հետո խաղալու ենք Սուոնսիում: Մենք դեռ հանդիպելու ենք դժվարությունների: Հնարավոր չէ չեմպիոն դառնալ դեկտեմբերին, բայց մեզ համար ամեն բան դեռ հաջող է ընթանում»,- հանդիպումից հետո ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:

Ժոզե Մոուրինյոն, սովորույթի համաձայն, փնովել է հանդիպման գլխավոր մրցավարին՝ հայտարարելով, որ նա կոպիտ սխալ է թույլ տվել, ինչն ազդել է հանդիպման ելքի վրա: «Ուզում եմ հայտարարել, որ շատ եմ ցավում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի համար: Նա շատ լավ դատեց խաղը, բայց, ցավոք, կարևոր սխալ գործեց: Արդյունքի հարցում որոշիչ եղավ Օլիվերի կողմից չնշանակված 11-մետրանոցը: Կարծում եմ՝ եզրափակիչ սուլիչից 20 րոպե առաջ հաշիվը կարող էր 2:2 լինել, և մենք պայքար կմղեինք երեք միավոր վաստակելու համար: Կրկին անգամ ուզում եմ նշել, որ Մայքլի բախտը չբերեց,

քանզի տվյալ դրվագում ակնհայտ 11-մետրանոց կար, և նա պարտավոր էր նշանակել այն: Ինչևէ, շատերն արդեն իսկ պնդում են, որ չեմպիոնական մրցավազքն ավարտված է: Հավանաբար, այո, կարելի է նաև նման որակում տալ: «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, ու նրա բախտը բերում է: Ֆուտբոլային աստվածները միշտ «Սիթիի» կողքին են և առաջ են տանում այս թիմին»,- նշել է Մոուրինյոն:

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում՝ 11 միավորով զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Հաջորդ հանդիպումը Մոուրինյոյի թիմը կանցկացնի դեկտեմբերի 13-ին՝ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով «Բորնմութին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am