Նոր մանրամասներ.Մոուրինյոն շարունակում է դաժան վարվել.Մանչեսթերյան դերբին առանց Մխիթարյանի՞...

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում վաղը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մանչեսթերյան դերբիից առաջ «Սիթին» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Յունայթեդը» 35 միավորով երկրորդն է:

Սկզբունքային հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից է և պատրաստ է հաղթել դերբիում: «Մրցակցի հասցեին կարող եմ միայն գովեստի խոսքեր հնչեցնել: «Մանչեսթեր Սիթին» ունի հրաշալի ֆուտբոլիստներ և ֆանտաստիկ մարզիչ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր թիմ ունի նաև թույլ կողմեր: Եթե

հարցնեք, թե ինչը չեմ հավանում այս թիմում, ապա կասեմ, որ նրանք շատ հեշտ են կորցնում հավասարակշռությունը: Մի թեթև քամի է փչում, և նրանք ընկնում են: «Մանչեսթեր Սիթին» լավ դինամիկա ունի հարձակման ժամանակ»,- ասել է Մոուրինյոն:

Վերջինս խոսելով թիմի կազմի մասին՝ հերթական անգամ անտեսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Զլատան Իբրահիմովիչը, Նամանյա Մատիչն ու Ֆիլ Ջոնսը կարող են մասնակցել առաջիկա հանդիպմանը: Մարուան Ֆելաինիի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնենք վաղը: Ինչ վերաբերում է Էրիկ Բայիին, ապա նա առայժմ չի կարող օգնել մեզ»,- նշել է Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետի համար Մխիթարյանը կարծես այլևս գոյություն չունի: Հայ ֆուտբոլիստի երկրպագուները հույս ունեին, որ Մոուրինյոն Մխիթարյանին հնարավորություն կտա Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում: Այն մարզական առումով այնքան էլ կարևոր չէր, և տրամաբանական կլիներ, եթե Մխիթարյանը լիներ գոնե անգլիական թիմի հայտացուցակում:

Վերջին զարգացումները ստիպում են խոսել այն մասին, որ մեր ֆուտբոլիստը առաջիկա ամիսներին կլքի «Յունայթեդը»: Երեկ Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխությանն էին անդրադարձել իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի աջակցությամբ հունվարին գործարքը հնարավոր է կայանա: «Իտալական թիմը, Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելով, ցանկանում է նաև վերականգնել հարաբերությունները Ռայոլայի հետ: Վերջին շրջանում Ռայոլայի և «Ինտերի» հարաբերություններն ուղղակի սառած էին»,- գրում են թերթերը:

Transfermarkt պարբերականի համաձայն էլ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի մոտավորապես 31.5 միլիոն ֆունտ: Անգլիացի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նախօրեին զգուշացրել էր Հենրիխ Մխիթարյանին, որ Մոուրինյոն կարող է դաժան վարվել, երբ կենտրոնանում է ինչ-որ ֆուտբոլիստի վրա: «Հենրիխ Մխիթարյանը վերջին խաղերում Մոուրինյոյի որոշմամբ դուրս է մնում թիմի հայտացուցակից: Պորտուգալացի մասնագետը դժգոհ է Մխիթարյանի խաղից: Մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ձմռանը հայ ֆուտբոլիստը կարող է լքել «Մանչեսթերը»: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել կուլիսների հետևում: Հնարավոր է, որ ինչ-որ միջադեպ է եղել: Բոլորս գիտենք, որ երբ Մոուրինյոն տրամադրվում է որևէ ֆուտբոլիստի դեմ, կարող է շատ դաժան վարվել: Այս ամենից օգտվեց Ջեսի Լինգարդը, ով շանս ստացավ և փայլեց»,- ասել էր Ջերարդը:

Բրիտանացի փորձագետների մեծ մասը կարծում է, որ Մխիթարյանը վաղը չի լինի թե՛ «Յունայթեդի» մեկնարկային կազմում և թե՛ հայտացուցակում:

Հիշեցնենք, որ վաղվա հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու «Յունայթեդի» կիսապաշտպանության առաջատարներից Պոլ Պոգբան: Ըստ Dailystar պարբերականի՝ վաղը Ժոզե Մոուրինյոն կպայքարի «Յունայթեդի» համար անսովոր 3-4-3

մարտավարությամբ: Մասնավորապես դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն Սմոլինգն ու Ջոնսը: Աջ եզրում կլինի Վալեսիան, իսկ ձախ եզրում կգործի Յանգը: Որպես հենակետային կիսապաշտպաններ հանդես կգան Էրերան և Մատիչը: Լինգարդը կխաղա հարձակման աջ եզրում, իսկ ձախից կգործի Մարսիալը: Կենտրոնական հարձակվողի դիրքում էլ կլինի Լուկակուն:

Բուքմեյքերական ընկերությունները մանչեսթերյան դերբիում ֆավորիտ են համարում «Սիթիին»: Վերջինի հաղթանակի համար սահմանված է 2.2 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.35, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 3.25 գործակցով:

Ու չնայած, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Յունայթեդի» մեկնարկային կազմում լինելու հավանականությունը, մեղմ ասած, փոքր է, բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են ընդունում հայ ֆուտբոլիստի գոլի հեղինակ դառնալու վրա: Հայաստանի հավաքականի ավագի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաջողության հասնելու գործակիցը 3.8 է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Նոր  մանրամասներ.Մոուրինյոն շարունակում է դաժան վարվել.Մանչեսթերյան դերբին առանց Մխիթարյանի՞...


Նյութի աղբյուր՝ www.1in.am