Ծանրամարտի Եվրոպայի առաջնութունում օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ձախողումը մեծ ալիք է բարձրացրել սոցցանցերում:
Ֆեյսբուքյան օգտատեր, «Թռիչք» արշավական ակումբի համահիմնադիր Աշոտ Թոփուզյանը գրառում է կատարել Սիմոն Մարտիրոսյանի նախորդ օրվա ձախողման պատճառի մասին:
Ըստ օգտատիրոջ, աշխարհի կրկնակի չեմպիոնը մի քանի ամիս առաջ վնասվածք է ստացել Քարվաճառում՝ հայկական խաչքարերը տեղահանման աշխատանքներ կատարելիս:
«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ամեն անգամ ներկայացրած։ Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը»,- գրել է Աշոտ Թոփուզյանը: