Ապրիլի 3-11-ը Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքրաի մեջ մտան 102կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը։
Պոկում վարժությունում Գասպարյանը 176կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 1 կգ-ով հետ մնալով ադրբեջանցի Դադաշ Դադաշբեյլիից և նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Մարտիրոսյանը 171 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հրում վարժությունում Մարտիրոսյանը 209 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի 380 կգ արդյունքը թույլ տվեց նրան բարձրանալ երկրորդ տեղ ու դառնալ Եվրոպայի փոխչեմպիոն։ Իսկ Գասպարյանը 214 կգ արդյունքով հաղթեց հրում վարժությունում և երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Դադաշբեյլին երկամարտի 379 կգ արդյունքով բավարարվեց բրոնզե մեդալով։
Նախօրեին հայ ծանրորդները ևս երկու մեծ մեդալ էին նվաճել։ Կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 227 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր և փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում (129 կգ)։ Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 212 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը։