Նոր մանրամասներ. Կբանակցի՞ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի հետ.Մխիթարյանը չեկավ հյուրանոց...

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Մարկուս Ռեշֆորդն ու Ռոմելու Լուկակուն: Վերջինս ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ինչևէ, կրկին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում չէր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղից առաջ մարզվել էր հիմնական թիմի հետ: Մոսկովյան ակումբի հետ մրցավեճից առաջ շատ էր խոսվում, որ «Յունայթեդը» չի խաղա մարտական կազմով, և հնարավոր է շանս տրվի նաև Մխիթարյանին: Վերջին օրերին հայ ֆուտբոլիստն անհատական ծրագրով լրացուցիչ

մարզումներ էր անցկացնում հիմնական կազմում իր տեղը վերադարձնելու համար: Շատ էր խոսվում, որ Մխիթարյանը չի հուսահատվում և իր աշխատասիրության շնորհիվ նորից տեղ կունենա «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ըստ բրիտանական express.co.uk պարբերականի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում Մխիթարյանը ոչ միայն դրսևորվելու հնարավորություն պետք է ստանար, այլև պետք է լիներ մեկնարկային կազմում:

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ հանգրվանել էին The Lowry հյուրանոցում: Manchester Evening News-ը գրել էր՝ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Դեյլի Բլինդը, թիմի հետ չեն եկել հյուրանոց: Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանը և Բլինդը «Յունայթեդին» կարող էին միանալ խաղից ժամեր առաջ: Շատերը անհամբեր սպասում էին, որ հայ ֆուտբոլիստն այնուամենայնիվ կգա հյուրանոց, բայց…

Փաստորեն, Դեյլի Բլինդը ոչ միայն միացել էր թիմին, այլև տեղ էր գտել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, չնայած որ բրիտանացի փորձագետներից քչերն էին հավատում, որ այս ֆուտբոլիստը ընդհանրապես կմասնակցի ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: ԲԿՄԱ-ի հետ խաղում Մոուրինյոն խաղալու հնարավորություն տվեց պաշտպան Լյուկ Շոուին,

կիսապաշտպաններ Սքոթ ՄաքՏոմինեյին և Ակսել Տուանզեբեին: Խաղից հետո Մոուրինյոն գովեստի խոսքեր է հնչեցրել Շոուի հասցեին, որը տևական ժամանակ չէր խաղացել: ԲԿՄԱ-ի հետ մարզական առումով ոչ այնքան կարևոր մրցավեճում նույնիսկ պահեստայինների շարքում Մխիթարյանին չընդգրկելը վկայում է խնդրի էլ ավելի լրջանալու մասին:

Բրիտանական մամուլում երեկ տեղեկություններ էին տարածվել, որի համաձայն՝ Մխիթարյանը պատրաստ է բանակցել Մոուրինյոյի հետ թիմում իր ապագայի վերաբերյալ: Ավելին՝ նշվում էր, որ Մխիթարյանի ներկայացուցիչները տրանսֆերային պատուհանի բացվելուն պես կքննարկեն այլ թիմերից ստացված առաջարկները: Տեղեկություն կար նաև, որ Ժոզե Մոուրինյոն արդեն իսկ գտել է այն ֆուտբոլիստին, որը կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ tribalfootball.com-ի՝ Մխիթարյանը արդեն հունվարին կլքի «Յունայթեդը», իսկ նրա փոխարեն անգլիական ակումբը կհամալրի «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Կարլոս Սոլերը: Նույն աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն վաղուց է «աչք դրել» հեռանկարային այս ֆուտբոլիստի վրա և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ստացվում է, որ պորտուգալացի մասնագետը ժամանակից շուտ հրաժեշտ է տվել հայ ֆուտբոլիստին և նրա հետ որևէ հույսեր չի կապում:

Բրիտանական Express-ը, մեկնաբանելով Մխիթարյանի՝ նաև ԲԿՄԱ-ի հետ խաղում հայտացուցակում չլինելը, նշել է, որ Մոուրինյոն կվաճառի հայ ֆուտբոլիստին, և դա ակնհայտ է: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին: «Այն ֆուտբոլիստները, որոնք բացակայում են, կա՛մ վնասվածք ունեն, կա՛մ էլ հանգստանալու հնարավորություն են ստացել: Օրինակ՝ պաշտպան Էրիկ Բային որևէ հնարավորություն չունի, իսկ Ֆիլ Ջոնսը և Մարուան Ֆելաինին կարող են մասնակցել դերբիին: Կարող եմ ասել, որ Զլատան Իբրահիմովիչը մեծ շանս ունի: Նեմանյա Մատիչը դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից»,- ասել է Մոուրինյոն:

Վերջինիս կողմից Մխիթարյանի անունը չնշելը, շատերի կարծիքով, ապացույց է նրա, որ հայ ֆուտբոլիստը առաջիկա հունվարին թիմից հեռանալու պոտենցիալ թեկնածու է: «Շատերը հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերադառնա «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում, բայց դա հեքիաթ է: Պետք է իրատես լինել և իրավիճակը սթափ գնահատել»,- գրում է Exrpess-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 6 հանդիպումներից 5-ում Հայաստանի հավաքականի ավագը հայտավորված չի եղել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման: Առկա իրավիճակում, կարծում ենք, որոշակի հստակեցում կլինի, եթե Մխիթարյանն իսկապես բանակցի Մոուրինյոյի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրեն սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում», և իմաստ ունի՞ արդյոք պայքարել մեկարկային կազմ վերադառնալու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Նոր  մանրամասներ. Կբանակցի՞ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի հետ.Մխիթարյանը չեկավ հյուրանոց...Նոր  մանրամասներ. Կբանակցի՞ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի հետ.Մխիթարյանը չեկավ հյուրանոց...


Նյութի աղբյուր՝ www.1in.am