Կարեն Ավագյանը նվաճեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում:
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 375 կգ արդյունք եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր է:
Եվրոպայի նորընծա չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 165 կգ-ից, որը հաջողությամբ պահեց գլխավերեւում: Ավագյանը հաջողությամբ կատարեց նաեւ երկրորդ մոտեցումը՝ պոկելով 170 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, որը նույնպես հայ ծանրորդը փայլուն կատարեց եւ նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 200 կգ ու վստահությամբ պահեց 200 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները 204 կգ-ոց ծանրածողին ձախողեց: Այս վարժությունում Կարեն Ավագյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Անդրանիկ Կարապետյանը վստահ մեկնարկեց պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում, որտեղ նախ պոկեց 165, ապա 170 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 175 կգ-ը 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնին չհաջողվեց պահել գլխավերեւոմ: Կարապետյանը նվաճեց այս վարժության բրոնզե մեդալ, մեկ կիլոգրամով զիջելով վրացի Ռեւազ Դավիդաձեին: Հրում վարժությունը Անդրանիկ Կարապետյանը սկսեց 195 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 200 կգ-ը Կարապետյանը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցումը նույնպես անհաջող ստացվեց Կարապետյանի համար, նա չկարողացավ հրել 205 կգ-ը: Կարեն Ավագյանը 2018 թվականի երիտասարդների Հայաստանի չեմպիոն է, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն:
Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։
Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196):
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:
Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: