Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը «Արսենալը» Լոնդոնում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ու թեև «Ուոտֆորդի» հետ վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում չկար Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այնուամենայնիվ, երկրպագուներն ու լրագրողները մեծ անհամբերությամբ են սպասում հայ կիսապաշտպանի և «Արսենալի» փլեյմեյքեր Մեսուտ Օզիլի դիմակայությանը:
Վերջին ամիսներին շատ է խոսվում, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Օզիլին որպես Մխիթարյանի փոխարինող: Ավելին, նշվում է նաև, որ կողմերը հնարավոր է փոխանակվեն նշված խաղացողներով: Վաղվա հանդիպումը Մոուրինյոյի համար հիանալի առիթ է իրար կողքի տեսնելու Մխիթարյանին և Օզիլին: «Արսենալի» դեմ խաղադաշտում լինելը հիանալի առիթ կլինի նաև մեր հավաքականի ավագի համար՝ ապացուցելու, որ դեռևս կարող է օգտակար լինել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Անգլիական լրատվամիջոցների համաձայն՝ Մխիթարյանը վերջին օրերին սեփական նախաձեռնությամբ մարզվում է նախատեսվածից ավելի շատ: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում «Կարինգթոն» մարզաբազայից հեռու գտնվող մարզասրահում: Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 4 հանդիպումներից 3-ին: Վերջին անգամ նա խաղադաշտում եղել է «Բրայթոնի» հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին:
Մխիթարյանի նման մոտեցումը ապացուցում է, որ մեր ֆուտբոլիստն ամենևին էլ չի պատրաստվում հաշտվել առկա իրավիճակի հետ: Հիշեցնենք, որ անդրադառնալով Մխիթարյանին հայտացուցակում չըդգրկելու խնդրին՝ Մոուրինյոն հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը վերջին շրջանում անհետանում էր խաղադաշտում, ինչը առիթ հանդիսացավ մյուս ֆուտբոլիստներին շանս տալու:
«Լոնդոնյան հանդիպումը Մոուրինյոյի համար կարող է դառնալ անցյալի և ապագայի բախման խաղ: Ամիսներ առաջ Մխիթարյանն ուղղակի փայլուն խաղ էր ցուցադրում և Պրեմիեր լիգայի մեկնարկում դարձավ 5 գոլային փոխանցման հեղինակ: Այսօր արդեն խոսվում է, որ Մոուրինյոն ցանկանում է Օզիլին հրավիրել «Յունայթեդ», քանզի խիստ դժգոհ է հայ ֆուտբոլիստից: «Արսենալի» դեմ խաղադաշտ դուրս բերելով Մխիթարյանին՝ Մոուրինյոն շատ ավելի պատկերավոր կերպով կկարողանա բացատրել իր մտադրությունը: Մոուրինյոն ուղղակի պարտավոր է մեկնարկային կազմ ընդգրկել Մխիթարյանին: Չմոռանանք, թե ինչպես էր պորտուգալացի մասնագետն արտահայտվել Օզիլիսի մասին, երբ նա պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ: Ինչևէ, Բոլորս սպասում ենք ֆուտբոլային դրամայի, որի գլխավոր հերոսները կլինեն Մխիթարյանն ու Օզիլը: Հայ ժողովուրդն անհամբերությամբ է սպասում, որ Մխիթարյանի աստղը նորից փայլատակի»,- գրել է Kwese.espn պարբերականը:
Նշենք, որ «Արսենալի» հետ պայմանագիր կնքելուց հետո Մոուրինյոն Օզիլի մասին ասել էր. «Նա աշխարհի լավագույն 10 համարն է: Օզիլը հեշտությամբ է լուծում բոլոր խնդիրները: Այս ֆուտբոլիստի մեջ տեսնում եմ մի փոքր Ֆիգու և մի փոքր Զիդան»: Այս հայտարարությունը վկայում է, որ Օզիլը Մոուրինյոյի համար հատուկ նշանակության ֆուտբոլիստ է:
Ինչևէ, վաղվա խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն լուրջ խնդրի առջև է կանգնել: Վնասվածքի պատճառով «Արսենալի» հետ հանդիպումը բաց է թողնելու հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Ըստ որոշ կանխատեսումների՝ վաղը Մոուրինյոն կպայքարի 3-5-2 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն, Սմոլինգն ու Լինդելոֆը: Պաշտպանության ձախ եզրից կխաղա Յանգը, իսկ աջից՝ Վալենսիան: Կիսապաշտպանության կենտրոնում կլինեն Պոգբան, Ֆելաինին և Էրերան: Այս կերպ Մոուրինյոն կփորձի լրացնել Մատիչի բացը: Հարձակման գծում էլ Լուկակուի կողքին հնարավոր է տեսնենք կամ Մարսիալին, կամ Ռեշֆորդին, կամ էլ Մխիթարյանին:
14-րդ տուրից հետո «Արսենալը» 28 միավորով 4-րդ հորիզոնականում է գտնվում և հաղթանակի դեպքում ընդհուպ կմոտենա «Մանչեսթեր Յունայթեդին»: Վերջինը 32 միավորով երկրորդն է և 8 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալի» պարտվելու դեպքում հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հորիզոնականը զիջի Լոնդոնի «Չելսիին»: Վերջինս ունի 29 միավոր և վաղը սեփական հարկի տակ մրցելու է «Նյուքասլի» հետ:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի ժամը 21:30-ին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am