Մոուրինյոն հրաժե՞շտ է տալիս Ֆելաինիին, Մխիթարյանին...

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Ուոտֆորդի» նկատմամբ: Այս հանդիպմանը հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 13-րդ տուրում «Բրայթոնի» հետ մրցավեճում Ժոզե Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին խաղադաշտ էր դուրս բերել երկրորդ կեսում, և թվում էր, թե Մխիթարյանը կլինի նաև «Ուոտֆորդի» հետ հանդիպման հայտացուցակում: «Ուոտֆորդի» հետ խաղին Մոուրինյոն չէր հայտավորել նաև պաշտպան Լյուկ Շոուին և կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին: Վերջիններս առաջիկա ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ամենաիրական թեկնածուներն են:

Շոուի՝ այլ թիմ տեղափոխվելը հավանական էր դեռևս ամռանը, իսկ Ֆելաինիի՝ «Յունայթեդը» լքելու խոսակցությունները լայն թափ ստացան հատկապես վերջին ամիսներին: Ֆելաինին ամենևին գոհ չէ «Յունայթեդի» առաջարկած պայմաններից: Այս ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Ստամբուլի «Բեշիկթաշը», որը վերելքի մեջ է և արդեն իսկ նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի ուղեգիր: Տարբեր առիթներով Մոուրինյոն առիթը բաց չէր թողնում Ֆելաինիին գովաբանելու, ինչը խոսում էր այն մասին, որ Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը կարևոր ֆիգուր է պորտուգալացու համար: Չընդգրկելով մեկնարկային կազմում՝ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Մոուրինյոն այլևս հույսեր չի կապում իր սիրելի Ֆելաինիի հետ և պատրաստվում է հրաժեշտ տալ նրան:

Վերջին օրերին շատ է խոսվում նաև Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին: Բրիտանական Dailystar պարբերականն էլ, անդրադառնալով մեր ֆուտբոլիստի՝ «Բորուսիա» հնարավոր վերադարձին, գրել էր. «Հայ կիսապաշտպանը լուրջ խնդիրներ ունի Ժոզե Մոուրինյոյի հետ, որոնք ծագել են «Նյուքասլի» և «Բազելի» հետ հանդիպումներից հետո: Ճիշտ է, պորտուգալացի մասնագետը Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերեց «Բրայթոնի» հետ խաղում, սակայն խնդիրն ամենևին էլ լուծված չէ: Մխիթարյանի սենսացիոն վերադարձը «Բորուսիա» ավելի քան հավանական է: «Մանչեսթեր Յունայթեդում» կորել է հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ: BBC-ի տեղեկություններով՝ «Բորուսիան» հստակ քայլեր կձեռնարկի Մխիթարյանին վերադարձնելու համար»:

Առկա իրավիճակում «Ուոտֆորդի» հետ խաղում Մխիթարյանի՝ հայտացուցակից դուրս մնալը ստիպում է ենթադրել, որ Մոուրինյոն «Յունայթեդից» հեռացողների շարքում է ընդգրկել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագին: «Ուոտֆորդի» հետ մրցավեճում տպավորիչ գոլի հեղինակ դարձավ հիմնական կազմի համար պայքարում Մխիթարյանի պոտենցիալ մրցակից Ջեսի Լինգարդը: Վերջինս աչքի էր ընկել նաև մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Սուոնսիի» հետ մրցավեճում: Մոուրինյոյի թիմը հաղթել էր 2:0 հաշվով, և երկու գոլերն էլ հեղինակել էր Լինգարդը:

Բրիտանացի փորձագետներն արդեն իսկ խոսում են «Յունայթեդի» կիսապաշտպանական և հարձակողական օղակների ուժեղանալու մասին: Նշվում է նույնիսկ, որ եթե վերջին շրջանում պորտուգալացի մասնագետը Մխիթարյանի փոխարեն խաղացներ Լինգարդին, ապա «Յունայթեդը» կգլխավորեր Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Բրիտանացի լրագրողները կարծում են, որ Լինգարդ-Ռեշֆորդ խաղային դուետը կարող է դառնալ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի», այլև Անգլիայի ազգային հավաքականի հարձակման արսենալը: Երկրպագուներն էլ Մոուրինյոյին հորդորում են աշխարհի առաջնության մեկնարկից առաջ հնարավորինս շատ խաղալու հնարավորություն տալ վերոնշյալ խաղային զույգին:

Իրադարձությունների նման զարգացումները Մխիթարյանի համար դժվարացնում են պայքարը հիմնական կազմ վերադառնալու: Օրեր առաջ անդրադառնալով հայ ֆուտբոլիստի հետ կապված խնդրին՝ Մոուրինյոն ասել էր. «Հենրիխ Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում ինձ դուր չեկան: Խոսքը չի վերաբերում 2-3 խաղերի: Մխիթարյանը անհաջող է խաղում արդեն 3-5 մրցավեճերում: Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, և թվում էր, թե հայ ֆուտբոլիստը գտել է իր տեղը թիմում: Նրա արդյունավետ գործողությունները նպաստեցին մեր հաղթանակներին: Հաջող հանդիպումներից հետո, սակայն, Մխիթարյանը սկսեց

աստիճանաբար անհետանալ: Նրա ելույթները բավարար մակարդակի վրա չէին: Նվազեցին գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու ցուցանիշները: Սրանք այն գործողություններն են, որոնք պետք է կատարի փլեյմեյքերը: Մխիթարյանի խաղի անկումը բավարար էր, որպեսզի հնարավորություն տամ ուրիշներին: Ամեն ինչ պարզ է, յուրաքանչյուրն արժանի է ստանալ դրսևորվելու հնարավորություն»:

Ստեղծված իրավիճակում դժվար է ասել՝ Դորտմունդ վերադառնալը մեր ֆուտբոլիստի վրա դրական ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ: Խոսվում է նաև առաջիկա ամռանը Մոուրինյոյի՝ «Յունայթեդից» ՊՍԺ տեղափոխվելու մասին: Կարծում ենք՝ պարզ է, որ նոր մարզիչը էապես կփոխի «Մանչեսթեր Յունայթեդի» թե՛ խաղաոճը և թե՛ մոտեցումները: Այդ պարագայում յուրաքանչյուր ֆուտբոլիստի առջև նոր դռներ և նոր հնարավորություններ կբացվեն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am