10:48- Ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի վթարի պատճառը եղել է շարժիչի բռնկումը: Այս մասին իրանական Irna լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը:
10:29- Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
10:02- Ինքնաթիռի կործանման մասին տվյալների հայտնի դառնալուց հետո դեպքի վայր է ուղարկվել 22 ԱԻ մեքենա եւ շտապօգնության երկու ավտոբուս, ինչպես նաեւ տարածք է մեկնել Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության խումբը, սակայն տարածքին մոտենալ հնարավոր չի եղել, որովհետեւ այն այրվել է:
9:37- Al-Jazeera հեռուստաընկերությունը փոխանցել է, որ թռիչքից 2 րոպե անց ինքնաթիռն ընկել է, գետնին բախվելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, օդանավը մասնատվել է՝ բաժանվելով հարյուրավոր մասերի:
9:30- Իրանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է, որ զոհերի մասին տվյալները ճշտվում են, դրանք կհրապարակվեն վերջնական դառնալուց անմիջապես հետո:
9:18- Իրանի արտակարգ իրավիճակների կարգավորման կենտրոնի տնօրենը հաստատել է, որ որեւէ մեկի ողջ մնալու շանսեր գրեթե չկան, ամենայն հավանականությամբ՝ բոլոր՝ 180 մարդիկ զոհվել են:
9:11- Հրապարակվել են ինքնաթիռի կործանման կադրերը՝ նկարված ականատեսների կողմից:
9:06- Reuters գործակալության տվյալներով՝ օդանավում գտնվող բոլոր՝ 167 ուղեւորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:
9:00- 180 ուղեւորներով ուկրաինական օդանավը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց:
Կործանված օդանավը ուղեւորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղեւորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղեւորվել է Կիեւ:
Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանից լրատվամիջոցին փոխանցել են, որ իրենք դեռեւս չունեն տեղեկատվություն ուկրաինական օդանավի կործանման մասին: Այլ տվյալներ առայժմ հայտնի չեն:
Al-Jazeera հեռուստաընկերության տվյալներով՝ Boeing 737-ը պատկանում է «Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությանը: Ինքնաթիռը պետք է օդ բարձրանար Թեհրանի ժամանակով 5:15-ին, սակայն թռիչքը հետաձգվել է գրեթե մեկ ժամ, ինքնաթիռն ուղեւորվել է 6:12-ին:
Մանրամասները՝ Տեսանյութում