Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում. զոհվել է ՌԴ ԱԱԾ-ի 1 աշխատակից, ծանր վիրավորվել՝ 2-ը

Մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ՌԴ Ազգային անվտանգության ծառայության շենքի եւ մուտքի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով կա մեկ զոհ եւ տուժածներ: Դեպքից րոպեներ անց իրավապահերին հաջողվել է ճշտել կրակահերթի հեղինակի ինքնությունը եւ վնասազերծել նրան:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցների հետեւանքով մահացածը ԱԱԾ աշխատակից է: Այս տեղեկությունը հաստատել է կառույցի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԱԱԾ եւս 2 աշխատակից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են: Երկրի առողջապահության նախարարության աշխատակիցը հայտնել է, որ երկուսն էլ ծանր հրազենային վիրավորումներ են ստացել:

Մի քանի հոգի տուժել է նաեւ Կուզնեցկի կամրջին: Այս պահին Մեծ Լյուբյանկի շրջանում երթեւեկությունը կասեցվել է ամբողջ փողոցի եւ խաչմերուկների երկայնքով: Բացի այդ, հնարավոր չէ անցնել նաեւ Բուլվարային շրջադարձից մինչեւ Մյասնիցկի փողոց, մետրոյի Լյուբյանկա կայարանի մուտքի եւ ելքի երթեւեկությունը եւս սահմանափակվել է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ղեկավարին օպերատիվ կարգով զեկուցվում է Մոսկվայի կենտրոնում տիրող իրավիճակի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ վտանգավոր գործողություններ կատարելու եւ սպանության հատկանիշներով:

Ռուսական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում լսվում են կրակոցները, երեւում են մարդկանց խուճապն ու իրավապահների գործողությունները:

Մանրամասները Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.