Քիչ Առաջ. Ի՞նչու Մխիթարյանը չի հարվածում դարպասին. Նոր մանրամասներ...

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Բենֆիկայի» նկատմամբ: Սպասվածի համաձայն՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիմնական կազմում չէր ընդգրկել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նրա փոխարեն ենթահարձակվողի դիրքում առաջին կեսում հանդես եկավ Ջեսի Լինգարդը:

Ըստ էության այս ֆուտբոլիստի մեղքով առաջին կեսի զգալի մասը դաշտի միջին հատվածում տնօրինում էր «Բենֆիկան»: Հենակետային կիսապաշտպան Մատիչի կողքին երիտասարդ ՄաքԹոմինեյն էր, որը այնքան էլ վստահ չէր զգում խաղադաշտում: Ու չնայած Լինգարդը

շարունակ նահանջում էր, այդուհանդերձ նրան չէր հաջողվում ակտիվացնել խաղը կիսապաշտպանական օղակում:

Ստանալով մեջքի վնասվածք՝ Լինգարդը փոխարինվեց: Երկրորդ կեսում նրա փոխարեն խաղաց Մխիթարյանը: Ասել, որ մեր ֆուտբոլիստը բեկեց հանդիպման ընթացքը կարծում ենք՝ ճիշտ չի լինի: Բայց որ մեր ֆուտբոլիստի շնորհիվ «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավելի շատ սկսեցին տեղաշարժվել դաշտի միջին հատվածում՝ ակնհայտ էր: Հայ ֆուտբոլիստի արագ փոխանցումները ավելի դինամիկ դարձրին խաղը: Կարելի է առանձնացնել նաև հայ ֆուտբոլիստի սուր փոխանցումները: Շնորհիվ Մխիթարյանի էլ

ավելի նկատելի դարձան Լուկակուն և Ռեշֆորդը: Այնուամենայնիվ, «Բենֆիկայի» և նախորդ մի քանի հանդիպումներում Մխիթարյանի մոտ նկատվում է թերևս մեկ բացթողում՝ մեր ֆուտբոլիստը հազվադեպ է հարվածում դարպասին:

«Ինչո՞ւ Մխիթարյանը չի հարվածում դարպասին: «Բենֆիկայի» դեմ հայ կիսապաշտպանը մի քանի փայլուն անցում կատարեց, սակայն հարված կատարելու փոխարեն փոխանցում կատարեց: Պատկերացնում եք՝ որքան գեղեցիկ կլիներ, եթե խաղից դուրս վիճակում գտնվող Լուկակուին փոխանցում կատարելու փոխարեն Մխիթարյանն ինքը հարվածեր: Ինձ համար առեղծված է դարձել Միկիի հարվածներից խուսափելը: Ոմանք այն կարծիքին են, որ

«Յունայթեդում» ազատ գործելու և հեռվից հարվածներ կատարելու համար պետք է «կանաչ լույս» ստանալ Մոուրինյոյի կողմից, բայց ես այդպես չեմ կարծում: Ֆուտբոլը գեղեցիկ է հեռահար հարվածներով, և եթե չլինեն հարվածներ, չեն լինի գոլեր: Մխիթարյանը պետք է որոշակի փոփոխություն մտցնի իր խաղաոճում՝ մանավանդ, որ խաղում է ենթահարձակվողի դիրքում: Նա տիրապետում է հիանալի հարվածների, և հնարավորության դեպքում պետք է ինքը փորձի հաջողության հասնել»,- ասել է BBC-ի մարզական փորձագետ Ջերմեյն Ջենասը:

Եվ իսկապես, «Բենֆիկայի» դեմ մրցավեճում Մխիթարյանը ոչ մի հարված չկատարեց դեպի դարպասը: Ի տարբերություն Մխիթարյանի՝ «Յունայթեդում» դարպասին շարունակ հարվածում է ձախ եզրում հանդես եկող Ռեշֆորդը: Նույնիսկ աննշան հնարավորության դեպքում այս ֆուտբոլիստն իր վրա է վերցնում խաղը: Շատերը Ռեշֆորդին մեղադրում են էգոիզմի մեջ, բայց կյանքը ցույց է տալիս, որ նման մոտեցումը տալիս է իր արդյունքը: Հիշենք Ռեշֆորդին նախորդ մրցաշրջանում: Այս ֆուտբոլիստը, իր վրա վերցնելով խաղը, շարունակ ձախողվում էր՝ զայրացնելով երկրպագուներին:

Այսօր Ռեշֆորդի անցումներն ու անհատական գործողությունները վճռում են հանդիպման ելքը: Իրականում դժվար է ասել՝ Ռեշֆորդը ստացե՞լ է Մոուրինյոյի, այսպես կոչված, «կանաչ լույսը», թե՞ ոչ, բայց այն, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ երիտասարդ հարձակվողի նման խաղաոճին, կարծում ենք, պարզ է:

Ինչևէ, «Բենֆիկայի» հետ հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ երջանիկ է իր թիմի ցույց տված արդյունքի համար: «Չեմպիոնների լիգայում 4 անընդմեջ հաղթանակը, կարծում եմ, փայլուն արդյունք է, որի համար ավելի քան երջանիկ եմ: Բացի հաղթանակներից՝ մենք նաև պատկառելի գումարներ ենք վաստակել, չէ՞ որ Չեմպիոնների

լիգայում յուրաքանչյուր հաղթանակը նաև փող է: Նշեմ, որ Լինգարդի վնասվածքը լուրջ չէ: Ինչ վերաբերում է Մարսիալի չիրացրած 11 մետրանոցին, ապա վերջին օրերին նա չէր վրիպում մարզման ժամանակ, իսկ այսօր անհաջող իրացրեց: Այնպես որ, երբեմն որոշումները լինում են ոչ ճիշտ»,- նշել է Մոուրինյոն:

Նշենք, որ չորս օր հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցելու է «Չելսիի» հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am