Հայկական ֆուտբոլի «կարապի երգն» այսօր՝ «Հանրապետական» մարզադաշտում

Սոլիկամսկ քաղաքում գտնվող թիվ 2 ուղղիչ քրեակատարողական գաղութն իր ռեժիմով և խստությամբ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում: Խորհրդային տարիներից այս գաղութն անվանում են «Բելի լեբեդ»: Վարկածներից մեկի համաձայն՝ նման անվանումը ծագել է քրեական հեղինակությունների, այսպես կոչված, «կարապի երգով»: Մասնավորապես, «Բելի լեբեդը» եղել է գողական աշխարհի ներկայացուցիչների վերջին հանգրվանը, որտեղից նրանք դուրս են եկել միայն ոտքերն առաջ պարզած: Ներկայում «Բելի լեբեդում» պատիժն են կրում ցմահ ազատազրկման դատապատրտված քաղաքացիները:

2002 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը: Արդեն 15 տարի հայկական ֆուտբոլը գտնվում է դաժան և կործանարար ռեժիմի ազդեցության տակ: 15 տարվա կտտանքների հետևանքով մեր ֆուտբոլը, մեր հավաքականը վերջնականապես հյուծվել է, և, ինչպես «Բելի լեբեդում», փրկության ճանապարհը չի նշմարվում: Կրկես հիշեցնող Հայաստանի առաջնությունում մնացել են ընդամենը 6 թիմեր, իսկ մեր ազգային հավաքականը «ղազի» կարգավիճակով է մասնակցում աշխարհի և Եվրոպայի ընտրական փուլերին: Արդեն 15 տարի հայկական ֆուտբոլը «նստած» է, և չեն նկատվում ոտքի կանգնեցնողները:

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում՝ մրցելով խմբի առաջատար Լեհաստանի ընտրանու հետ: Անկախ արդյունքից՝ այսօր Երևանում տեղի կունենա հայկական ֆուտբոլի «կարապի երգը» մեր հավաքականի կատարմամբ:

Շատ երկրներում 15 տարին ազատազրկման առավելագույն ժամկետն է, և շատ հոգեբաններ այն կարծիքին են, որ 15 տարվա ազատազրկումից հետո մարդն այլևս չի կարող լիարժեք կերպով դառնալ հասարակության մասնիկ: Կկարողանա՞ արդյոք հայկական ֆուտբոլը 15 տարվա «ազատազրկումից» հետո ուշքի գալ: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսի է, որ կան բոլոր նախադրյալները, որ մեր ֆուտբոլը ևս 15 տարի ենթարկվի հաստատված ռեժիմի բռնաճնշումներին: Երկրպագուների զգալի մասն այսօր երես է թեքել ազգային թիմից: Հայտնվելով անդունդում՝ այսօր Հայաստանի հավաքականը կփորձի արժանապատվորեն կատարել վերջին «երգը» Երևանում:

«Ընտրական փուլի վերջին 2 խաղերում պետք է հասնենք դրական արդյունքի: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել այլևս չենք կարող, բայց պետք է ապացուցենք, որ որոշ մարդիկ սխալ են, և մենք կարող ենք հասնել լավ արդյունքի»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք կարոտ ենք հաղթանակների»,- լրագրողների հետ հանդիպմանը երեկ անկեղծորեն ասեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Վերջինս հավատում է, որ մեր հավաքականն այսօր կարող է դրական արդյունքի հասնել: Հույսը մեռնում է վերջինը, և հայտնվելով անելանելի վիճակում՝ ոմանք սկսում են հրաշքների հավատալ:

Ցավալի է, բայց Լեհաստանի հավաքականի հետ դրական արդյունքը մեծ հաշվով ոչինչ չի փոխի: Ռուբեն Հայրապետյանը կհայտարարի, որ մեր հավաքականը ապագայի թիմ է, և Արթուր Պետրոսյանը վերջապես գտավ ուղին, որով կարող ենք առաջ շարժվել:

Պաշտոնական վերջին 16 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տարել է ընդամենը երկու հաղթանակ և երկու հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի: 16 հանդիպումներից 12-ում պարտվել ենք: Խաղից խաղ մեր Հայաստնի հավաքականը էլ ավելի թույլ խաղ է ցուցադրում: Վիճակագրությունը, կարծում ենք, արտացոլում է ծանր իրավիճակը:

Երեկվանից Երևանի կենտրոնում ամեն քայլափոխի կարելի է տեսնել լեհ երկրպագուների: Տեսնելով նրանց՝ բարի նախանձով ենք լցվում: Նրանք եկել են իրենց ազգային թիմի կողքին գտնվելու, ֆուտբոլիստներին աջակցելու, սեփական երկրի պատիվը բարձր պահելու, երջանկության րոպեներ ապրելու համար:

Հայաստանում երկրպագուներին թիվ մեկ թշնամի համարող ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ թույլ չի տալիս մոտ գտնվել ազգային հավաքական կոչեցյալին: Այսօր հազարավոր երկրպագուներ ի վիճակի չեն վճարել 5 հազար դրամ, գալ «Հանրապետական» մարզադաշտ և «ունկնդրել» Հայաստանի ազգային հավաքականի «կարապի երգը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am