Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ եկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա առանձնազրույց ունեցավ Գյուլբուդաղյանցի հետ: Ամենայն հավանականությամբ նրանք քննարկել են հետագա համագործակցության մանրամասները։ Դրանից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ով է լինելու նոր մարզիչը, Հայրապետյանը հետևյալ պատասխանը տվեց.
«Պետք է գլխի ընկած լինեիք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր մարզչի առջև դրված է լինելու Ազգերի լիգայում հաջող հանդես գալու առաջադրանքը։
Երեկ ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական էր տվել Արթուր Պետրոսյանը։ Նա թիմի ղեկն ստանձնել էր 2016 թ. հոկտեմբերին։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 12 հանդիպում: Հաղթել է 5 խաղում, 5-ում պարտվել է:
2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Հայրապետյանը դժգոհ է մնացել նրա աշխատանքից և Լիտվայի հետ մարտի 27-ին կայացած ընկերական հանդիպումը, որում ՀՀ-ն տանը 0:1 հաշվով պարտվեց, հանձնարարել է նոր մարզիչ գտնել մինչեւ սեպտեմբեր՝ Ազգերի լիգայի մեկնարկը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com