Ի՞նչ որոշում կայացրեց Մոուրինյոն Մխիթարյանի վերաբերյալ.

Վերջին օրերին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելու վերաբերյալ խոսակցությունները կարծես թե նվազում են: Հայաստանի ազգային հավաքականի ավագը իր թիմի հետ ուսումնամարզական հավաքի է մեկնել Դուբայ: Ոմանք այն կարծիքին էին, որ հունվարի 5-ին կայացած «Դերբիի» հետ հանդիպումը Մխիթարյանի համար վերջինը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Դերբիի» հետ խաղում մեկնարկային կազմում էր և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:

«Արդարացի չէր ընդմիջմանը Մխիթարյանին խաղադաշտից դուրս բերելը: Խաղից հետո ասացի նրան այդ մասին: Նա արժանի չէր դրան, քանի որ լավ էր խաղում: Ճիշտ է, մի քանի սխալ փոխանցումներ կատարեց, բայց լավ դինամիկա էր հաղորդում թիմին: Պարզապես ես զգում էի, որ Ռեշֆորդը գոլ չի խփի, և ժանանակ կորցնելու մտադրություն չունեի: Մխիթարյանի փոխարեն դուրս բերեցի Լուկակուին: Ստիպված էի զոհաբերել խաղացողի, և այդ խաղացողը Մխիթարյանն էր: Սովորաբար ես այդպես չեմ վարվում և ընդմիջմանը բոլորի մոտ ներողություն խնդրեցի Մխիթարյանից, քանի որ նա արժանի չէր դրան»,- «Դերբիի» հետ հանդիպումից հետո հայտարարել էր Մոուրինյոն:

Ավելի վաղ Մոուրինյոն Մխիթարյանի մասին խոսել էր նաև դեկտեմբերի 26-ին կայացած Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Բարնլիի» հետ հանդիպումից հետո: Այս մրցավեճում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո և զգալիորեն ակտիվացրել էր խաղը: 0:2 հաշվով զիջելուց հետո «Յունայթեդին» այս մրցավեճում հաջողվեց ոչ-ոքի խաղալ: «Փոխարինման դուրս եկած Լինգարդը մեծ օգուտ տվեց թիմին: Լինգարդի հետ երկրորդ կեսում ասպարեզ դուրս եկած Մխիթարյանն էլ աշխուժացրեց խաղը»,- ասել էր Մոուրինյոն:

Փաստորեն 10 օրվա ընթացքում պորտուգալացի մասնագետը երկու անգամ դրական առումով անդրադարձավ Մխիթարյանին: Մոուրինյոյի խոսքերը վկայում են, որ այսօր հայ ֆուտբոլիստը «Յունայթեդի» համար շարունակում է մնալ կարևոր օղակ: Մոուրինյոն ըստ էության հասկացրեց, որ ինքը որոշում կայացրել է Մխիթարյանի հարցում և նրան չի պատրաստվում այլ թիմի տրամադրել:

Վերլուծելով իրավիճակը՝ համոզվում ենք, որ «Յունայթեդը» այսօր լուրջ խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, և Մխիթարյանի տրանսֆերը վաճառելն ուղղակի անմտություն կլինի: Ինչ խոսք, վերջին շրջանում Մխիթարյանի խաղը չի տպավորում, բայց «Յունայթեդը», բացի հայ ֆուտբոլիստից, չունի մեկ այլ փլեյմեյքեր, որը կկարողանա փոխել խաղը: Ջեսի Լինգարդը վերջին հանդիպումներում իսկապես փայլում է, բայց այս ֆուտբոլիստը չունի խաղը կառուցելու հատկություն: Շատ էր խոսվում Մխիթարյանի փոխարեն «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին հրավիրելու մասին: Օզիլի՝ «Յունայթեդ» տեղափոխվելը բնականաբար եղանակ կփոխի, քանզի այս կիսապաշտպանը, օժտված լինելով դաշտը տեսնելու և գնդակ պահելու ունակությամբ, նոր թափ կհաղորդի Մոուրինյոյի թիմին: Կարելի է ասել, որ Օզիլի կամ Օզիլի «կալիբրի» ֆուտբոլիստ ձեռք բերելու դեպքում միայն Մխիթարյանի՝ «Յունայթեդից» հեռանալը հավանական կթվա: Այո, «Ինտերը» հետաքրքրություն ցուցաբերել էր Մխիթարյանի նկատմամբ, բայց Մոուրինյոն հասկացրեց, որ նա մանավանդ վարձակալության հիմունքներով չի հրաժարվի Մխիթարյանից:

Իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յունայթեդը» լուրջ գործարքներ չի իրականացնի: Այսօր Մոուրինյոյի նպատակը Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում մնալն է: Պորտուգալացի մասնագետը գիտակցում է, որ «Մանչեսթեր Սիթիին» հասնելը իրատեսական չէ, բայց միևնույն ժամանակ հասկանում է նաև, որ այս կազմով կարելի կլինի եռյակի համար պայքարել: Երկրորդ կամ երրորդ հորիզոնականը զբաղեցնելը Մոուրինյոն կորակի քայլ առաջ: Եվ միայն այս դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հնարավորություն և միջոցներ կստանա տրանսֆերային շուկայում ակտիվություն ցույց տալու:

Մոուրինյոն ցանկանում է, որ իր կատարած աշխատանքը շոշափելի լինի և գնահատվի: Նա բազմիցս է հայտարարել, որ սովորություն չունի ձմռանը թիմում փոփոխություններ կատարելու: Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը շատ ավելի դժվար կլինի «Յունայթեդի» համար: Շատ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով, այսպես ասած, չեն դիմանում, ինչի հետևանքով էլ շատանում են վնասվածքները:

Մխիթարյանը այն ֆուտբոլիստներից է, որ ֆունկցիոնալ տեսանկյունից սովորաբար իր բարձրության վրա է լինում: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին Մոուրինյոն ոչ մեկ անգամ կդիմի Մխիթարյանի օգնությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am