«Առաջիկա խաղում ասպարեզ եմ դուրս բերելու բավական ուժեղ կազմ: Հնարավորություն կտամ Ռոմերոյին, որը բարձրակարգ դարպասապահ է և շուտով Արգենտինայի հավաքականի կազմում պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Դավիդ Դե Խեան արժանի է հանգստանալու: Ես հարգում եմ Անգլիայի գավաթի խաղարկությունը, և մեր գլխավոր նպատակը այս մրցաշարում հաղթելն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Այսօր Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի Անգլիայի Չեմփիոնշիփը ներկայացնող «Դերբիին»: Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդից» իր հնարավոր հեռանալու վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների մասին: «Ես կհեռանամ միայն այն ժամանակ, երբ ակումբը ցանկանա դա: Այս պահին ես հեռանալու որևէ ցանկություն չունեմ: Ավելին, ուզում եմ աշխատել և բարձրացնել խաղի որակը: Չեմ տեսնում որևէ պատճառ, որը կստիպի ինձ հրաժարական տալ: Իմ պրոֆեսիոնալիզմի վրա թող ոչ ոք չկասկածի: Ես
տեսնում եմ ինձ «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե թիմի սեփականատեր պարոն Վուվորդը գոհ է իմ աշխատանքից և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, ապա արդեն իսկ հայտարարում եմ, որ համաձայն եմ: Ես ծաղրածու չեմ, և իմ պահվածքը խաղերի ժամանակ միանգամայն նորմալ է: Էմոցիոնալ պահվածքս վկայում է, որ ես նվիրված եմ թիմին»,- ասել է Մոուրինյոն: Վերջինս նշել է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին և կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն ապաքինվել են և պատրաստ են մասնակցել «Դերբիի» հետ խաղին:
Ու թեև Մոուրինյոն հայտարարել է, որ խաղադաշտ է դուրս բերելու բավական ուժեղ կազմ, բրիտանական փորձագետների մեծ մասը վստահ է, որ «Դերբիի» դեմ խաղում մի շարք առաջատարների չենք տեսնի: Մասնավորապես հիմնական կազմում չի լինի Պոգբան, ինչպես նաև Ջեսի Լինգարդը, որը բավական հաջող է խաղում վերջին հանդիպումներում:
Փորձագետների զգալի մասը կարծում է, որ կարգով ավելի ցածր մրցակցի դեմ Մոուրինյոն կպայքարի 4-3-3 խաղային սխեմայով: Դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն և Սմոլինգը: Պաշտպանության ձախ եզրում կլինի Բլինդը, իսկ աջ եզրում՝ Դարմիանը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Տուանզեբեն, իսկ Էրերան կգործի կիսապաշտպանության աջ եզրում: ՄաքՏոմինեյն էլ կխաղա կիսապաշտպանության ձախ եզրում: Որպես կենտրոնական հարձակվող հանդես կգա Ռեշֆորդը, իսկ հարձակման ձախ եզրում կլինի Մարսիալը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման աջ եզրում:
Այս հանդիպումից հետո «Յունայթեդի» ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն կստանան: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի թիմը կանցկացնի միայն հունվարի 15-ին՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելով «Սթոք Սիթիին»:
Ինչ խոսք, ցանկալի է, որ «Դերբիի» հետ խաղում Մխիթարյանին տեսնենք մեկնարկային կազմում: Ֆուտբոլային տարբեր ֆորումներում կարծիքներ են հնչում, որ «Դերբիի» հետ հանդիպումը հնարավոր է վերջինը լինի հայ ֆուտբոլիստի համար «Յունայթեդի» մարզաշապիկով: Նշվում է, որ մի քանի ակումբներ պայքար են մղում Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար, և չի բացառվում, որ առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայտնվի այլ թիմում:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Մոուրինյոն կտրականապես դեմ է Մխիթարյանին վարձավճարով «Ինտերին» տրամադրելուն: Մասնավորապես Մոուրինյոն ցանկանում է վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի ստացված գումարով ձեռք բերի Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Օզիլին:
Բրիտանական մի քանի պարբերականներ չեն բացառում Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելը: Այս թիմի առաջատարներից Կոուտինյոն պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Կոուտինյոյի՝ Իսպանիա տեղափոխվելու դեպքում «Լիվերպուլը» որպես փոխարինող ձեռք կբերի Մխիթարյանին: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում Կոուտինյոյի հավանական փոխարինողների վերաբերյալ:
Հենրիխ Մխիթարյանը առաջինն է այն ֆուտբոլիստների թվում, որոնք հավակնում են փոխարինել 25-ամյա բրազիլացուն: Նշվում է, որ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ փայլուն խաղ է ցուցադրել «Բորուսիայում», և «Լիվերպուլի» գերմանացի մասնագետը կարող է ստիպել հայ կիսապաշտպանին վերագտնել իր խաղը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am