Սաղաթելյանն ու Հոխիկյանը ԱԺ-ում վիճեցին, թե ով ում պիտի միանա

«Պարոն Հոխիկյան, Դուք կարիք չունեք մեզ համոզելու, համախմբելու կոչ անելու, մենք արդեն համախմբված ենք, պարզապես Դուք կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, ինչպես եք ուզում, մենք պատրաստ ենք:

Այսինքն՝ մեզ ավելորդ կոչ անելու կարիք չկա, կուսակցականներին հրավիրում եք, ասում եք՝ ապակուսակցական ա, ապաքաղաքական ա, ամբողջությամբ բոլորիս անունից ասում եմ՝ մենք ընդհանրապես այս չարիքի կառավարության դեմ ցանկացած պայքարող առողջ ուժի կողքին ենք»,- այսօր սահմանազատման և սահմանագծման հարցերի առնչությամբ «Հայաստան» խմբակցության հրավիրած ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նախկին լրագրող Նաիրի Հոխիկյանին:

«Եթե կոնկրետ առաջարկներ ունեք, կոնկրետ ձևակերպեք, մենք պատրաստ ենք այսօր հենց մեր ֆրակցիայով էլ գանք՝ մասնակցենք: Դո՞ւք պատրաստ եք դրան: Կարիք չկա տպավորություն ստեղծելու, թե մենք կուսակցական խաղեր ենք տալիս ու չենք մասնակցում ինչ-որ շարժման կամ այս իշխանությունների դեմ պայքարին»,- հավելեց Սաղաթելյանը

Ի պատասխան Սաղաթելյանի խոսքի՝ Հոխիկյանն արձագանքեց. «Եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական, պատրաստ է առանց իր առաջին դեմքերին հատուկ փիառելու, ներկայացնելու՝ գալ և մտնել այս շարժման մեջ որպես ազգային շարժում, ապա մենք պատրաստ ենք միասին քայլելու»:

Իշխան Սաղաթելյանն էլ մեկնաբանեց, որ Հոխիկյանն իրենց շարքերն է ուզում, բայց ոչ ղեկավարներին. «Ո՞նց հասկանանք: Այսինքն՝ շարքերը թող գան մեզ օգնեն, բայց ղեկավարները չգան, որովհետև նախկի՞ն են»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.