Սննդաբանն ասել է՝ ինչ կլինի ամեն օր գետնանուշ ուտելու դեպքում

Սննդաբան Օլգա Ռուստամովան հայտնել է, թե ինչպես է գետնանուշն ազդում մեր օրգանիզմի վրա, փոխանցում է РИА Новости գործակալությունը։ Նա շեշտել է, որ գետնանուշը համարվում է սննդարար լոբազգի, այլ ոչ թե ընկուզեղեն, ինչպես ընդունված է համարել։

Մասնագետը հայտնել է, որ սահմանափակ քանակությամբ օգտագործելու դեպքում գետնանուշը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այն հարուստ է սպիտակուցներով, բջջանյութով, մագնեզիումով և այլ օգտակար հանքանյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։ Գետնանուշը լիովին զերծ է տրանսճարպերից, որոնք բացասաբար են անդրադառնում սրտի աշխատանքի վրա։

Սննդաբանը հայտնել է, որ օրական մինչև 20 գետնանուշ ուտելը դրական է ազդում առողջության վրա։ Նա հավելել է, որ գետնանուշը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Օլգա Ռուստամովան հայտնել է նաև, որ այս լոբազգու կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով և բնական միացություններով, որոնք պաշտպանում են բջիջները աղտոտված օդում կամ ծխում առկա օքսիդանտներից:

«Գետնանուշը հանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում է անքնությունը, դրական է ազդում աղիքների վրա, օգնում է մկանների ձևավորմանը և վերականգնում է օրգանիզմը երկարատև հիվանդություններից հետո», – նշել է Օլգա Ռուստամովան։

 

Գետնանուշը պարունակում է նաև ռեսվերատրոլ (ֆենոլային միացություն, որն առկա է կարմիր գինու մեջ): Ռեսվերատրոլը դրական է ազդում սրտանոթային հիվանդությունների վրա։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ կարմիր գինի խմել այն ստանալու համար, երբ կարելի է ուտել մի բուռ գետնանուշ։

Սննդաբանը նշել է նաև, որ գետնանուշի կարագը, չնայած պարունակում է հագեցած ճարպեր և նատրիում, սակայն չափավոր օգտագործման դեպքում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Բացի այդ, գետնանուշի կարագը պարունակում է նաև բջջանյութ և կալիում: Կալիումը օգնում է հակազդել նատրիումի վնասակար ազդեցությանը: Այնուամենայնիվ, հարկավոր է նկատի առնել, որ գետնանուշի կարագի մեկ չափաբաժինն ընդամենը 2 ճաշի գդալ է, այլ ոչ թե ամբողջ տարան:

Կարևոր է հիշել, որ գետնանուշը ալերգեն է, ուստի այն սննդակարգում ներառելիս հարկավոր է զոգւյշ լինել։

«Գետնանուշը հակացուցված է արթրոզ, արթրիտ, հոդատապ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի խանգարումներ ունեցողներ մարդկանց»,- ասել է սննդաբանը։

Գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է, ուստի չպետք է այն չարաշահել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.