Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է

Եգիպտոսի միջերկրածովյան ափերին ավազամրրիկ է, տեղատարափ անձրևներ և փոթորիկ։ Տարերքի պատճառով երկրի տասը նահանգներում փակել են դպրոցները։ Այս մասին հայտնում է Ahram Online-ը։ Հաղորդվում է, որ փոթորկին ուղեկցվող տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, որի պատճառով ջրի տակ են անցել մեքենաները և մթերային կրպակները: Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում հեղեղվել են մի քանի փողոցներ, դժվարացել է ավտոմեքենաների երթեւեկությունը: Բացի այդ, Ֆայում քաղաքում, որը գտնվում է օազիսում՝ Կահիրեից 90 կմ հարավ-արևմուտք, նկատվել է ավազամրրիկ, որը դժվարացրել է տեսանելիությունը: Կահիրեն նույնպես հայտնվել է անձրևային ճակատի ազդեցության տակ, սակայն կոմունալ ծառայությունները շրջանների մեծ մասում հաղթահարել են տեղումները։

Այնուամենայնիվ, Կահիրեում և Գիզայում իշխանությունները չեղյալ են հայտարարել դպրոցական պարապմունքները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.