«ՀՀ-ում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ»:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչու են խմբակցության պատգամավորները հակառուսական հիստերիա բարձրացնում։
«ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։ Սակայն մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է` հայ–ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ–ն այն անվտանգային համակարգն է, որին մենք անդամակցում ենք»,–ասաց Փաշինյանը։
Հայկ Մամիջանյանը հարց բարձրացրեց, թե ինչպես ստացվեց, որ այդքան ուշ դիմեցին ՀԱՊԿ–ին, կամ Ռուսաստանին. «Քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց սենց է լինում, ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ էդտեղ է անցնելու»,–ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Ես ձեզ համար վատ լուր ունեմ, ես ՀՀ 4 քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամենևին վատ չեմ զգացել»:
Ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը։
«Մարդիկ կան, որոնց շատ հեշտ է ՔԿՀ-ներով վախեցնել, տեսաք՝ քրեակատարողական հիմնարկի անուն տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան։ Որևէ բառ օգտագործելուց առաջ մտածեք, թե այդ բառակապակցությունը ձեզ նայելով ասեն, ձեզ հետ ինչ է կատարվելու, տեսանք՝ ինչ է կատարվում»,–նկատեց վարչապետը: