Հայաստանի դեմ գրոհի նոր փուլը․ Մոսկվան իրագործում է միջանցքների բացման պլանը

Lragir.am-ը գրում է.  ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։

Խոսքը Սյունիքի մարզի Իշխանասարի շրջանի մասին է։ Ըստ տելեգրամ-ալիքների, թշնամուն հաջողվել է ՀՀ տարածքում խորանալ եւս 1-2 կմ։ Այս ուղղությամբ սա թշնամու երկրորդ ներխուժումն է մայիսից հետո։

ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, թե ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ։ Սա զավեշտալի է հնչում այն առումով, որ ՀՀ տարածքն ըստ պայմանագրերի Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անվտանգային պատասխանատվության գոտին է։ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելով, Բաքուն ունի ՌԴ եւ ՀԱՊԿ հավանությունը եւ ունի երաշխիքներ, որ դա հետեւանքներ չի ունենալու։ Բաքվի ներխուժումները տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ, դրանք համընկնում են «ճանապարհների ապաարգելափակման» ռուսական պլաններին։

Այսօր նշել ենք, որ Մոսկվան իրականացնում է Սյունիքի «արցախացման ու օտարման» գործողություններ, որոնք ենթադրում են ՀՀ ճանապարհների վերահսկողությունը եւ շրջանի շրջափակումը։ Մի քանի օր առաջ Կապան-Գորիս ճանապարհին Բաքվի «մաքսակետ» տեղադրելու կապակցությամբ ենթադրել էինք, որ այդպիսով ճանապարհ է բացվում դեպի Նախիջեւան։ ՀՀ ԱԽ քարտուղարը փաստացի հաստատեց այդ տեղեկությունը, ասելով, թե ադրբեջանցիները եթե Նախիջեւան են ուզում գնալ, արդյունավետ ճանապարհ կարող է լինել Խնձորեսկից դեպի Բիչենեկ (քաղաք Նախիջևանում – խմբ.) ճանապարհը։ Դա Գորիսից Սիսիան եւ այնտեղից էլ Նախիջեւան ճանապարհն է։

 

 

Իշխանասարի ուղղությամբ Բաքվի հարձակումն ուղղված է ճանապարհի այդ հատվածի վերահսկողությանը։ Ենթադրելի է Տիգրանաշենի հատվածում առաջխաղացման փորձը, որով Սյունիքի «արցախացման» ռուսական ծրագիրը կամբողջանա՝ պատանդ բնակչությամբ ու վերահսկվող ճանապարհներով։ Երասխում զոհված օդաչուների հիշատակի ահռելի համալիրի բացումը չարագուշակ նշան է։

Նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի քաշքշուկը վկայում է Հայաստանի դեմ գրոհի հերթական փուլը՝ ռազմական գործողությունների հրահրմամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.