Ռուսաստանը տապալվեց Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ խայտառակ հայտարարությունը

Lragir.am-ը գրում է.  Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը տարածել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ։ Այն հաջորդեց Ռուսաստանի՝ 3+3 ձեւաչափին պաշտոնապես միանալուն։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը վկայում է ՌԴ քաղաքականության լիակատար տապալումը Հարավային Կովկասում, ազդարարելով Հայաստանի հանդեպ ռուսական 200-ամյա քաղաքականության մոտալուտ ավարտը

Հայտարարությունը չնայած արվել է նոյեմբերի 9-ի կապակցությամբ, սակայն գրեթե ամբողջովին ուղղված է Հայաստանին, ինչը մատնում է «եռակողմ» թղթերի միակողմանի եւ պարտադրված բնույթը։ Զուր չէ, որ ԱԳՆ-ն շեշտում է, թե այդ թղթերը չեն պարտադրվել։

Ընդ որում, հայտարարությունը գրված է տեղ-տեղ արդարանալով, տեղ-տեղ մուննաթով, տեղ-տեղ պատասխանատվությունից փախչելով, որոնք հիշեցնում են նոյեմբերի 9-ից հետո ռուսական քարոզչական կենտրոնների կոյուղատարներից նետված թեզերով աշխատող հայ շարքային փորձագետների գրառումները։ Հատկապես այն մասերը, որոնք վերաբերում են հայկական եզակի այն շրջանակներին, ովքեր չեն տրվել այս քարոզչությանը եւ իրերը կոչել են իրենց անուններով։

Հայաստանի դեմ ՌԴ ծրագրած ու առաջնորդած ռազմական արշավը, Արցախի օկուպացիան, հայերի հայրենազրկումն ու «հետպատերազմյա կարգավորման» պլանները ներկայացվում են որպես շնորհ Հայաստանին։ Մինսկի խմբին տեղ է հատկացվում, բայց՝ տեղի ունեցած փոփոխությունների հաշվառմամբ եւ բացառապես մարդասիրական ու սոցիալական օրակարգով, այսինքն՝ ճանաչելով պատերազմի արդյունքը։ Խոսվում է հյուսիս-հարավ ճանապարհի մասին, բայց դա ռուսական հյուսիս-հարավն է՝ ՌԴ-Բաքու վերահսկողությամբ, եւ կապ չունի Պարսից ծոցից Հայաստանով Սեւ ծով նախագծի հետ։

Սահմանազատման պնդումն ու 3+3-ին միանալու հայտարարությունը «միջանցքային զգուշավորության» ֆոնին վկայում են Ռուսաստանի նահանջի ծրագրի մասին, որը պետք է տեղի ունենա Հայաստանի մարդկային, տարածքային ու տնտեսական սպառման հաշվին։

Ռուսաստանն այսպիսով վերահաստատում է Հայաստանի դեմ իր քաղաքական ծրագրերը։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ներքին տոնայնությունը վկայում է Հայաստանի վճռորոշ դերակատարության մասին․ այս բոլոր ծրագրերը կախված են Հայաստանի ստորագրել-չստորագրելուց։ Հիմա ամեն ինչ բացառապես կախված է Հայաստանից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.