Սպանություններ, թմրանյութ… ՀՅԴ «Դրո»-ի գործն ահաբեկչություն էր, ոչ թե.... 1 in.am

«Ի՞նչ կապ ունի թմրանյութի տեղափոխումը ռուսական կայսերապաշտության հետ, մարդկանց սպանությունները դրա հետ ի՞նչ կապ ունեն։ Դատարանով այդ գործերն են անցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Դրո»-ի գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի բաց նամակին՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Մնջոյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին հրապարակված բաց նամակում նշում է. «ՀՅԴ Դրո կառույցը նախատեսում էր Հայաստանի դուրսմղումը ռուսական կայսերապաշտական ազդեցության ոլորտից՝ ապահովելով չափավոր ինտեգրումը եվրոպական և արևմտյան կառույցներին»։

Գուրգեն Եղիազարյանը շարունակում է. «Այդ մարդիկ դատապարտվել են թմրանյութերի լուրջ քանակի տեղաշարժի, առքուվաճառքի, սպանությունների համար, հիմա 20 տարի անց հայտարարում են, որ դուրս են եկել ռուսական գաղութատիրության դեմ։ Ես կողմ չեմ, որ նրանք նստեն՝ եթե ես մնայի անվտանգությունում, երկուսը կստանային լուրջ պատիժ, այն

երկուսին կարելի էր շատ հետաքրքիր ձևով օգտագործել այլ վայրերում։ Բայց ես չեմ տիրապետում՝ գործն ինչ նյութերով մտավ դատարան, Սերժ Սարգսյանը գիտի, այն մյուսը հանգուցյալ է արդեն։ Եթե հարցնեք Սերժ Սարգսյանին՝ ավելի սպառիչ պատասխան կտա, թե ինչպես եղավ, որ նրանք ցմահ դատապարտվեցին»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ պարզապես տեսնում են, որ ով հակառուսականության թեման բարձրացնում է՝ պաշտպանված է, և նրանք էլ փորձում են նույնն անել. «Ես համակարգում գնդապետ եմ եղել, այդպես էլ դուրս եմ եկել։ Գուցե ինձնից հետո նյութեր են առաջ եկել ընդդեմ Ռուսաստանի։ Իմ ժամանակ եղել են թմրանյութեր և դիակներ։ Իսկ Մնջոյանի ասածը միգուցե վերաբերում է այն նախաքննությանը, որ ինձնից հետո է եղել»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am