ԱՄՆ-ն մերժել է 3+3-ի առաջարկը․ Հայաստանը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը

Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը «կառուցողական բանակցություններ» է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում: «Նախագահը հստակորեն հայտնել է Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելու և մեր տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ ճանապարհ գտնելու իր ցանկությունը», լրագրողներին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում, ինչպես նաև կլիմայական խնդիրները և ամերիկյան F-16 կործանիչներ վաճառելու Թուրքիայի պահանջը։ Հիշեցնենք, որ ամերիկացի օրենսդիրները Բայդենին հորդորել են կործանիչներ չվաճառել Թուրքիային՝ ասելով, որ Անկարան իրեն «հակառակորդի պես է պահում»։

Ի՞նչ են խոսել Բայդենն ու Էրդողանը Հարավային Կովկասի մասին։ Հիշեցնենք, որ 2020 թ․ դեկտեմբերին՝ Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական ռազմական արշավին, նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Փորձագետներն այն ժամանակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ը «վերադառնում է տարածաշրջան»։

Անցած տարվա ընթացքում եղել են ԱՄՆ-ի վերադարձի մի քանի ցուցիչեր՝ բացահայտ և լատենտ: Մասնավորապես, ԱՄՆ-ին Ֆրանսիայի հետ միասին հաջողվել է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, հանդիպում անցկացնել Նյու Յորքում, թեև Մոսկվան և Բաքուն պնդում են Մինսկի խմբի «մարդասիրական օրակարգը»։

Մինչ այդ տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը, որից հետո մեկնարկել է «վրացական միջնորդության» գործընթացը. ԱՄՆ միջնորդությամբ վերադարձվել են 15 գերիներ, իսկ Վրաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին (այսինքն՝ ռուս-թուրքական ձևաչափից դուրս)։ Այնուհետև Էրդողանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն փոխանցել է հանդիպման առաջարկ։

Մեկ այլ ցուցիչ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ այն ժամանակ, երբ, ըստ որոշ աղբյուրների, հավանական էր Հայաստանի հարավի «կամավոր-պարտադիր» հանձնումն ու միջանցքի բացումը։ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, ինչը ենթադրում է միջանցքի բացառումը։ Իրանի կոշտ արձագանքի հետ մեկտեղ ԱՄՆ դիրքորոշումը կարող էր կանխել անշրջելի քայլերը։

Մեկ այլ ցուցիչ է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցը տարածաշրջան, ով Թբիլիսիում հայտարարեց, որ ԱՄՆ-ը մերժել է Ռուսաստանի և Թուրքիայի առաջարկած 3 + 3 հարթակը, որն իրականում ունի 3-2 հավասարումը (հանած Միացյալ Նահանգները և Ֆրանսիան):

Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու գաղափարին։ «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք վեց հոգանոց համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկություն է արել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ։ Վրաստանի կողմից կա որոշակի բացասական վերաբերմունք, բայց եթե բոլորը դրական մոտեցում ցուցաբերեն, այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի», ասել է Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.