Ռուսաստանը սկսում է Սյունիքի մարզից․ Հրահանգ Հայաստանում «ռուսական ներկայության ակտորներին»

Հայաստանի դեմ Մոսկվայի արշավը մտնում է նոր փուլ․ ՀՀ մասնատման ու ինքնիշխանության վերացման քաղաքականությունը զուգակցվում է հայ ինքնության դեմ պատերազմով

Երեւանում ՌԴ դեսպանատունը եւ Ռոսսոտրուդնիչեստվոն կազմակերպել են Հայաստանում ռուս հայրենակիցների հարցերով համաժողով, որում մատնանշվել են «ռազմավարական խնդիրները», որոնք չեն սահմանափակվում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի, հայրենակիցների իրավունքների շահերի պաշտպանությամբ։

Ռոսսոտրուդնիչեստվոյի Հայաստանի ներկայացուցիչը (Երեւանում ռուսական տուն) հայտարարել է, որ Ռուսաստանի հումանիտար օրակարգը կարիք ունի լուրջ վերանայման ու իմաստավորման։ Ըստ նրա, կարիք կա խորհրդանշական ծրագրերից անցնել կիրառական ծրագրերի, ինչը կուժեղացնի Ռուսաստանի դերը, կբարելավի նրա վարկը միջազգային ասպարեզում, կբարձրացնի Ռուսաստանի հանդեպ հանրությունների վստահության եւ լոյալության մակարդակը։ Նրա խոսքով, միայն քաղաքական էլիտաների հետ աշխատանքի նախկին մեթոդները սպառել են իրենց։

Նա ասել է, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի Հայաստանի ներկայացուցչությունն արդեն զբաղվում է այդ հարցերով, մասնավորապես՝ սկսել են Սյունիքի մարզի երեք գյուղերից, որտեղ շուտով ժամանելու են ռուս կամավորները։

Նա նշել է, որ այդ ծրագրերի նպատակը ոչ միայն Ռուսաստանի հումանիտար օրակարգի կատարելագործումն է, այլեւ նրա գերակայությունը արեւմտյան նախաձեռնությունների հանդեպ, ինչը հնարավոր է ոչ միայն ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների ու հայրենակիցների, այլեւ տեղական բնակչության լայն շերտերի մասնակցությամբ։ Դրանց մեդիա-քարոզչությանը պետք է ներգրավվեն եւ հայրենակիցների կազմակերպությունները, եւ Հայաստանում ռուսական ներկայության ակտորները (իմա՝ կրեատուրան եւ ագենտուրան), ասել է նա։

Lragir.am-ը գրում է.  «Հումանիտար ոլորտում ռազմավարական նոր խնդիրների» ուղղվածությունն ակնհայտ է եւ առնչվում է ՌԴ արտաքին քաղաքականության խնդիրներին, որոնց հղում է արել Երեւանում Ռուսական տան ղեկավարը։ Հայաստանում ՌԴ իմիջի բարելավման օրակարգը «հումանիտար խնդիրների վերանայմամբ եւ ներդրումների ներգրավմամբ» ուղղված են «Հայաստան-ռեզերվացիային»՝ պատմությունը նոյեմբերի 9-ից սկսելու եւ խոցելի սահմաններով ու տնտեսական ու քաղաքական լիակատար մեկուսացմամբ՝ հետագա զոհաբերության համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.