«Կարգավորումը» Մոսկվայի հեղինակած Կարս-2-ի պարտադրումն է Հայաստանին

Լragir.am-ը գրում է.  Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը երկրորդ անգամ է Արցախ այցելել, այս անգամ՝ օկուպացված Վարանդայիում օդանավակայանի բացմանը մասնակցելու համար, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին եւ նախապայման առաջ քաշել։ Նրա խոսքով, եթե Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունը կարգավորելու անկեղծ կամք դրսեւորի, այդ դեպքում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման որեւէ խոչընդոտ չի լինի։

Էրդողանի նախապայմանը, որ սահմանները պետք է երկուստեք ճանաչվեն, առնչվում է ոչ միայն այսպես կոչված Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի մտավախություններին։ Մինչեւ Հայաստանը չճանաչի այս երկրների սահմանները, դրանք չեն կարող լիարժեք ու լեգիտիմ լինել, ինչպես եւ այդ երկրների «տարածքային ամբողջականությունը»։

Թերարժեքության բարդույթն այնքան մեծ է, որ Ալիեւը Արցախի զավթած տարածքներում օդանավակայաններ է կառուցում, թունելներ անցկացնում, փորձելով ապացուցել այդ տարածքների հանդեպ իրավունքը։

Այդ իրավունքը օդանավակայանների քանակով չի որոշվում։ Ալիեւն ու Էրդողանը բացահայտ ասում են, որ այդ իրավունքը կարող է հաստատել միայն Հայաստանը, ճանաչելով «Ադրբեջանի», այնուհետեւ Թուրքիայի սահմանները։

Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցում խորհրդակցում են Բաքվի հետ։ ՀՀ ԱԽ քարտուղարն ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում քննարկումներ են անում Ռուսաստանի հետ։ Հայ-թուրքական Ցյուրիխի գործընթացում արանքում Ռուսաստան ու Բաքու չկային, նրանց ձեռնտու չէր այդ իրավիճակը։ Ի վերջո, Ցյուրիխի գործընթացը տապալվեց։

Ներկայիս «կարգավորումը» Հայաստանին Մոսկվայի հեղինակած Կարս-2-ի պարտադրումն է՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու հաշվին Հայաստանի տարածքների՝ Արցախի, Նախիջեւանի, Կարսի ու Արարատի օտարման ճանաչումը 1921-ի Կարսի պայմանագրի ժամկետի ավարտին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.